Հայ Ազգային Կոնգրեսի մաքսիմում ծրագիրը գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ խորհրդարանում մեծամանսություն ունենալն է: Այս մասին երեկ երեկոյան «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Ընտրություններին ժողովուրդն ակտիվանալու է, սակայն նրա դեմ գործելու է կեղծարար մեքենա: Եվ այդ դեպքում, եթե, ասենք, չհաջողվի մեծամասնությունը վերցնել պառլամենտում, մենք ունենք նաև ծրագիր մինիմումը, որը հետևյալն է` մենք պետք է կարողանանք, առաջին հերթին, ջախջախել Հանրապետական կուսակցության մենաշնորհը», – ասել է Լևոն Զուրաբյանը:
Նա նշել է, որ եթե հաջողվի ստեղծել մի իրավիճակ, երբ Հանրապետական կուսակցությունը չունենա մեծամասնություն Ազգային ժողովում, դա արդեն կարելի է համարել հաղթանակ:
Հաղորդման հեղինակ Պետրոս Ղազարյանը հետաքրքրվել է Լևոն Զուրաբյանից, թե արդյոք ՀԱԿ-ը կհրաժարվի պատգամավորական տեղերից, եթե ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, մեծամասնություն ստանա խորհրդարանում:
«Ես կարծում եմ, որ այդ հարցը մենք պետք է լուծենք ապագայում, և ոչ թե հիմա կանխավ այդ հարցին պատասխան ունենանք: Այդ հարցը, որ դուք տալիս եք, Կոնգրեսում չի քննարկվել: Ես Դուք ցանկանում եք իմանալ իմ անձնական կարծիքը, ապա նշեմ, որ սա Երևանի ավագանու ընտրություններ չեն, սա լրջագույն ազգային ամբիոն է, որն ամեն դեպքում պետք է օգտագործվի ժողովրդրին մեր ձայնը հասցնելու համար: Անձամբ ես համարում, որ ինչ էլ որ լինի, պետք է գնալ ու կռվել պառլամենտում` պահպանելով փողոցային ճնշումը, որը շնորհիվ այդ գործողության կբազմապատկվի», – ասել է Զուրաբյանը:
Նա նշել է, որ իրավիճակը կտարբերվի ներկայիս խորհրդարանում ստեղծված վիճակից, որտեղ կան ընդդիմադիր պատգամավորների փոքր խմբեր, որովհետև այդ խմբերը չունեն փողոցի հզոր աջակցությունը:
«Այդ իսկ պատճառով նրանք չէին կարող ոչինչ անել: Երբ պատգամավորների թիկունքում կանգնած է ժողովուրդը, դա լիովին փոխում է իրավիճակը», – ասել է ՀԱԿ համակարգողը: