Քաթարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի ֆրանսիական խմբագրությունը փոստով կոշտ սկավառակ է ստացել, որի վրա տեսագրված են ահաբեկիչ Մոհամեդ Մերահի կողմից իրականացված սպանությունների տեսարանները: Այս մասին մարտի 26-ին հայտնել է Reuters-ը:
Տեսաշարը նկարահանվել է հենց ահաբեկչի կողմից: Տեսանյութն ուղեկցվում է նաև իսլամիստական երգերով: «Ալ Ջազիրա»-ի աշխատակիցները սկավառակը ոստիկանությանն են փոխանցել: Դրա պարունակությունը չի հրապարակվել:
Le Parisien-ի փոխանցմամբ` նամակը ուղարկվել էր դեռ մարտի 21-ին, այն օրը, երբ Մերահը իր տանն էր գտնվում` շրջապատված ոստիկանության հատուկ ուժերով: Ոստիկանությունը կարծում է, որ նամակը կարող էր ուղարկված լինել կամ ահաբեկչի համախոհի, կամ հենց իր կողմից շրջափակման մեջ հայտնվելու նախօրերին:
Ավելի վաղ ահաբեկիչը հենց ինքն էր պատմել, որ նկարահանել է իր զոհերի սպանությունը France 24 հեռուստաալիք կատարած զանգի ընթացքում:
Մոհամեդ Մերահն իր վրա է վերցրել Թուլուզում կատարված սպանությունների պատասխանատվությունը: Ոստիկանության հետ բանակցությունների ընթացքում կասկածյալը հայտարարել էր, որ վրեժ էր լուծում պաղեստինցի երեխաների համար:
Հիշեցնենք, որ 23-ամյա ֆրանսիացի Մոհմաեդ Մերահը 2012 թվականի մարտին Ֆրանսիայի հարավում մի քանի սպանություններ էր իրագործել: Նրա զոհն են դարձել 7 մարդ. հրեական դպրոցի երեք աշակերտներ, դպրոցի ուսուցիչ ռաբինը և երեք զինվորականներ: