Երեկ Երևանի Կենտրոն ու Աջափնյակ համայնքների հատվածներն ընդգրկող 9-րդ ընտրատարածքում գտնվող ընտրատեղամասերից մեկում, որը գտնվում է Մայակովսկու դպրոցում, ընտրացուցակներ են փակցրել: «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի թղթակիցը լուսանկարել է ցուցակի 661-ից մինչև 1223 համարը ընկած հատվածը, որում առկա բոլոր մարդկանց անունը Լուսինե է եղել:
«Ընտանիքներ» կան, որտեղ մարդիկ 4 աղջիկ են ունեցել և 4-ի անունն էլ Լուսինե են դրել: Կոնկրետ այդ անվան դեմ ոչինչ չունենք` գեղեցիկ անուն է: Պարզապես հարկ ենք համարում նախօրոք իրազեկել, որ եթե հանկարծ իշխանական թեկնածուն (ՀՀԿ 9-րդ ընտրատարածքում սատարում է Ռուբեն Սադոյանին) ինչ-որ հրաշքով հաղթի, հաջորդ խորհրդարանում նրան երևի կանվանեն Ռուբեն Լուսինեի Սադոյան: Կարճ` Լուսինիչ», – գրում է թերթը` ընդգծելով, որ նրանից հետո, երբ թղթակիցը նկարել է ցուցակները, դրանք հանվել են պատից:
Նշենք, որ նշված ընտրատարածքում Ռուբեն Սադոյանի հետ պայքարելու են Լևոն Զուրաբյանը` ՀԱԿ-ից, Ռուբեն Հակոբյանը` «Ժառանգությունից» և ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանը: