Անակնկալ կերպով Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչում հայտնված Կիպրոսի ԱՊՈԵԼ ակումբը մարտի 27-ին սեփական հարկի տակ մինչև 74-րդ րոպեն դիմադրեց Մադրիդի «Ռեալին»: Չնայած մադրիդցիները չէին օգտագործում իրենց ողջ ներուժը, այնուամենայնիվ, կիպրոսյան ակումբի ֆուտբոլիստներին պետք է արժանին մատուցել. նրանք պայքարում էին յուրաքանչյուր գնդակի համար դաշտի յուրաքանչյուր հատվածում: Բայց «Ռեալը» հաջողությամբ օգտագործեց պահեստայինների նստարանից դուրս եկած ֆուտբոլիստներին՝ Մարսելոյին և Կակային: Վերջինս 74-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Կարիմ Բենզեմային, իսկ 82-ին Մարսելոյի փոխանցումից հետո արդեն ինքը գրավեց մրցակցի դարպասը: 90-րդ րոպեին հանդիպման վերջնական հաշիվն ամրագրեց Կարիմ Բենզեման՝ գնդակն անպաշտպան դարպասն ուղարկելով Մեզուտ Օզիլի փոխանցումից հետո:
Հաջորդ շաբաթ Մադրիդում կայանալիք պատասխան խաղը ֆորմալ բնույթ է կրելու, և «Ռեալի» մարզիչ Ժողե Մուրինյուն կարող է մեծ թվով պահեստային ֆուտբոլիստներ օգտագործել:
Օրվա մեկ այլ խաղում պորտուգալական «Բենֆիկան» սեփական հարկի տակ զիջեց անգլիական «Չելսիին» 0:1 հաշվով: Հանդիպման միակ գնդակը 75-րդ րոպեին Ֆերնանդո Տոռեսի փոխանցումից հետո խփեց Սալոմոն Կալուն: Նշենք, որ պորտուգալական թիմը, որի կազմում ոչ մի պորտուգալացի չկար, երկրորդ խաղակեսում առավելություն ուներ, սակայն չկարողացավ իրացնել իր պահերը: Խաղից հետո դաշտի տերերը բողոքում էին մրցավար Պաոլո Տալյավենտոյից, ով 0:0 հաշվի ժամանակ չնշանակեց 11-մետրանոց հարված այն բանից հետո, երբ տուգանային հրապարակում գնդակը դիպավ Ջոն Թերիի պարզած ձեռքին:
Երկրորդ խաղից առաջ «Չելսին» շոշափելի առավելություն ունի, սակայն չի կարելի ասել, որ այս հակամարտության ելքն արդեն վճռված է: