Հայ Ազգային Կոնգրեսը գնում է խորհրդարանական ընտրությունների մեկ նպատակով` իշխանափոխություն իրականացնել և հասնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականին:
Այս մասին այսօր Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը, ով մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է թիվ 2 ընտրատարածքում:
«Այս նպատակը ինքնանպատակ չէ: Հանրապետական կուսակցության բոլոր հիմնական խոստումները չեն կատարվել, ժողովուրդը սկսել է ավելի վատ ապրել: Կուսակցությունները պետք է ամեն ինչ անեն, որ արթնացնեն ժողովրդին, վստահեցնեն, որ քվեն իսկապես ուժ է», – ասել է Կարապետյանը:
Վերջինիս հակադարձել է ՀՀԿ ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը` հորդորելով, որպեսզի ՀԱԿ-ն «անիմաստ գաղափարների վրա ժամանակ չծախսի և ավելի կառուցողական առաջարկներ անի»:
Վլադիմիր Կարապետյանը, իր հերթին, նկատել է, որ ամենակառուցողականը մեր երկրի համար իշխանափոխությունն է, իսկ ՀՀԿ-ականի հայտարարությունը, թե իրենցից լավ ոչ ոք չէր ղեկավարի երկիրը, ուղղակի ցինիզմ է:
ՀԱԿ-ի և ՀՀԿ-ի ներկայացուցիչների բանավեճը փորձել է հարթել ԲՀԿ-ական պատգամավոր Արամ Սաֆարյանը` կոչ անելով համախմբվել երկիրը «վիհից դուրս բերելու գործում»:
«Միայն ներքաղաքական համախմամբ հնարավոր է հաղթահարել այն մարտահրավերները, որոնք կան մեր առջև: Մենք կանք կոալիցիայի անդամ, քանի որ կոալիցիոն հուշագիրը գործում է մինչև չորրորդ գումարման վերջը: Միայն արդար ընտրությունների մասին պետք է մտածենք և լեգիտիմ իշխանություն ձևավորենք», – ասել է Արամ Սաֆարյանը:
Իր ելույթում ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը, ինչպես և Կարապետյանը, քննադատել է ՀՀԿ-ական պատգամավորին: Հակադարձելով Զաքարյանի այն դիտարկմանը, թե «ՀՀԿ-ն հստակեցրել ու կայունացրել է պետության բոլոր ինստիտուտները», Գալստյանը դա համարել է քաղաքական սատիրայի դրսևորում:
«Երկրի առաջնային մարտահրավերը մոդեռն երկիր կերտելն է: Արևելյան աղբի մեջ ենք թաղված, ինչը վտանգում է Հայաստանի հետագա զարգացումը: Իշխանությունը ազնիվ չի խաղում: Պաշտոնական քարոզարշավը չի սկսել, բայց քարոզարշավը շոկոլադների, ձեթերի, ջեմերի տեսքով արդեն մտնում է մեր տները: Հասարակությունը ապատիայի մեջ է, իսկ բոլոր իշխանական կուսակցություններն իրենց լոզունգներում հավատի կոչեր են անում», – ասել է Գալստյանը: