Home / Հայաստան / Արտակ Նազարյանի գործով հերթական վկան հերքեց իր նախաքննական ցուցմունքը

Արտակ Նազարյանի գործով հերթական վկան հերքեց իր նախաքննական ցուցմունքը

Երեկ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է 2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատավարությունը, որի ժամանակ դատավոր Մարդանյանը մերժել է տուժողի կողմի` դատախազին ներակայացված ինքնաբացարկի միջնորդությունը:

Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է տուժողի իրավահաջորդի ներակայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը: Նա նաև տեղեկացրել է, որ դատախազ Հարությունյանն արդարացել է` նշելով, որ ինքը չի հերքում, որ վկաներից խաբեությամբ են ցուցմունք  կորզել, բայց ինքն այդ ժամանակ քննիչի կողքին չի եղել և այդ անօրիանականությունից տեղյակ չի եղել:

Դատական նիստի ժամանակ հարցաքննվել է գործով որպես վկա անցնող Միշա Գարբրիելյանը, ով 2010 թվականին եղել էր այն գումարտակի հրամանատարը, որտեղ ծառայել է  Նազարյանը: Գաբրիելյանը դատարանում ասել է, որ ինքը ոչնչից տեղյակ չէ: Սակայն մեղադրողը հակասություններ է գտել նրա նախաքննական և դատարանում տված ցուցմուքների միջև և ընթերցել է  նախաքննական ցուցմունքը: Ըստ դրա` վկան ասել է, որ ինքը պարզել է` զինվորները ծեծել են Արտակ Նազարյանին: Սակայն վկան դատարանում հերքել է դա` ասելով, որ ինքը քննիչին նման բան չի ասել: Նա միայն նշել է, որ իր տեղեկություններով մեղադրվող զինվորների և Նազարյանի միջև վեճ և քաշքշուկ է եղել:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 17-ին: Ռուբեն Մարտիրոսյանի խոսքով` այսօր մեղադրող կողմը ժամավաճառությամբ էր զբաղված, սակայն հաջորդ դատական նիստին իրենք սպասում են կարևոր վկաների կարևոր ցուցմունքների:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի վկաներ նիստի ժամանակ հերքել են իրենց նախաքննական ցուցմունքները: