ՀԱԿ ներկայացուցիչ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Epress.am-ի հետ զրույցում հայտնել է, որ մի քանի էլեկտրոնային ԶԼՄ-ներում իր անունից տարածված նամակի հեղինակը ինքը չէ:
«Ես նման նամակ չեմ գրել: Ես նոր ստուգել եմ իմ մեյլը և տեսել եմ, որ իմ հասցեից ոչ մեկին նամակ չի ուղարկվել», – ասել է Բագրատյանը:
Նա նշել է, որ իր էլեկտրոնային փոստի հասցեն կոտրել են և իր անունից կեղծ նամակներ են տարածել:
Մեր այն հարցին, թե ով կարող է լինել տվյալ արարքի հեղինակը, Բագրատյանը պատասխանել է. «Պարզ չէ՞` ով է հեղինակը: Սա իշխանական ուժերի ձեռքի գործն է: Եթե սա իշխանության մոտ կանգնած ուժերի գործը չէ, թող պաշտոնապես հերքում տարածեն», – ասել է ՀԱԿ ներկայացուցիչը:
Տեղեկացնենք, որ Հրանտ Բագրատյանի անունից տարածած «4-րդ բաց նամակ» վերնագրված տեքստում նշված է, թե ՀՀ նախկին վարչապետն անկախության առաջին տարիներին հասկանում էր իրավիճակի լրջությունը և, համաձայն չլինելով Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականության հետ, խնդրում էր իրեն գործից ազատել:
«Գրել եմ, և որևէ առիթ չկա զարմանալու, որովհետև այն ժամանակ աշխատելը 1000 տոկոսով դժվար էր, քան հիմա: Երբ ես վարչապետ էի, առաջին և ամենակարևոր խնդիրն այն էր, որ ինձ ոչ ոք չէր հասկանում և չէր լսում: Հիշո՞ւմ եք, մարդիկ ասում էին «Լևոնը Վանոյի մոտ նախագահ է աշխատում»: Ես ի՞նչ կարող էի անել: Ասում են` ես ու Լևոն Տեր-Պետրոսյանը լավ չենք կառավարել` որպես նախագահ ու վարչապետ: Բայց ես ի՞նչ մեղք ունեմ, որ կառավարելն անհնար էր: Եվ միայն ես չէի հրաժարականի դիմում տալիս այն ժամանակ` բոլորն էլ տալիս էին: Լևոն Տեր-Պետրոսյանի խնամին, նույն ինքը` Դավիթ Շահնազարյանը, որ հիմա էլ նեղացավ ու ՀԱԿ-ի ցուցակի 11-րդ տեղից հրաժարվեց: Ինքն էլ դիմում տվեց ու դուրս եկավ այն տարիներին: Դե մարդու բնույթն է այդպիսին, ապահով տեղ է ման գալիս` կերակրատաշտին մոտ: Միշտ էլ տենց ա եղել, հիմա էլ ա տենց: Հենա Ծառուկյան Գագիկն իրենց համագումարին մի բան ասաց. «Պաշտպանելու ենք մեր ձայները»: Շատ կարևոր ու լավ բան է ասել, բայց կուսակիցների մեծ մասը ընկան տվայտանքների մեջ: Բա մարդկանց ուղեղի կուսաթաղանթը վնասված չէր, իրենք պայքարի չէին պատրաստվում, իրենք մտել էին «Բարգավաճ Հայաստան», քանի որ այն իշխանության մաս էր: Իրենք հիմա էլ չեն հասկանում, ումից են պաշտպանելու իրենց ձայները, եթե իշխանություն են», – մասնավորապես, նշված է տեքստում:
Epress.am-ը հետաքրքրվել է ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից, թե արդյոք ՀՀԿ պատրաստվում է հերքել Բագրատյանի էլ.փոստը կոտրելը:
«Ես շատ ցավում եմ, որ իմ երկրի նախկին վարչապետի մեյլը կոտրել են, բայց պետք է ասեմ, որ ՀՀԿ-ն այնքան զբաղված է նախընտրական գործընթացներով, որ Բագրատյանի անունից նամակ գրելու ժամանակ չունի: Իսկ հերքելը` դա նույն կլինի, եթե հերքենք, որ երկինքն այսօր կարմիր չէ` կապույտ է: Եթե պարոն Բագրատյանն ունի հիմքեր, որոնք ապացուցում են, որ ՀՀԿ-ն է ջարդել իր մեյլը, ապա թող դրանք ներկայացնի իրավապահ մարմիններին: Վերջիններս, բարեբախտաբար, ավելի լավ են գործում հիմա, քան իր ժամանակ», – ասել է Շարմազանովը: