ԱՄՆ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի առաջնորդների խորհուրդը ապրիլի 15-ին կկազմակերպի դրամահավաք` «Թույլ մի տվեք, որ նրանց ձայները մոռացվեն» խորագրով միջոցառման շրջանակներում:
Yerkir.am-ի հետ զրույցում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի «Շոա» հիմնադրամը մտադիր է թվայնացնել Հայոց ցեղասպանության վկայությունները:
«Հիմնադրամը ստեղծել է ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը: Նախատեսվում է թվայնացնել Մայքլ Հակոբյանի արխիվը, որը ներառում է Հայոց ցեղասպանության վերապրածների և ականատեսների շուրջ 400 տեսանյութ»,- ասել է Դեմոյանը և հավելել, որ ինքը նախորդ տարի հարցի հետ կապվածհանդիպումներ է ունեցել:
Ըստ նրա, ծրագիրը նախատեսված էր իրականացնել դեռ անցած տարի, սակայն անցած տարի համապատասխան գումարը չի հավաքվել եւ ծրագիրը տապալվել է:
«Հարցի հետ կապված` երկակի մոտեցում ունեմ. նպատակադրումը, որ պետք է թվայնացնել և ոչնչացումից փրկել այդ փաստաթղթերը, դրական է: Մյուս կողմից` հարցին պետք է մոտենալ զգուշավորությամբ, քանի որ դեռ պարզ չէ` կթվայնացվի արդյոք բոլոր փաստաթղթերը եւ թվայնացվելուց հետո դրանք անվճար հասանելի կլինեն բոլորին եւ թանգարանին»,- ասել է Դեմոյանը` հավելելով, որ ինքը տպավորված է հիմնադրամի տեխնիկական հագեցվածությամբ, որն աշխարհում նման շատ եւ ժամանակակից սարքավորումներ ունեցող կազմակերպությունների մեջ միակն է:
Հիմնադրամն իր տնօրինության տակ ունի Հոլոքստի մասին պատմող շուրջ 50 հազար տեսաֆիլմեր: Հիմնադրամը ցանկանում է մեծացնել իր արխիվը` այլ ցեղասպանությունների մասին պատմող նոր վկայությունների հավաքածուներով: