Առողջապահության նախարարությունն առայժմ հիմքեր չի տեսնում հստակ պնդելու, որ շուկայում «Նիկոմեդ» ընկերության պիտակով հայտնված դեղերը իրոք կեղծ են: Նշենք, որ «Նիկոմեդ» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը ժխտել է այն փաստը, որ դեղերն արտադրված են իր կողմից:
Առողջապահության նախարարության դիրքորոշումը Epress.am–ի հետ զրույցում հայտնել է փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը` հավելելով, որ ամեն դեպքում գոյություն ունի հանցակազմ, և կամ զերծարարը, եթե այդպիսինը կա, կամ ընկերությունը պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ըստ մեր զրուցակցի` այժմ նախարարությունում ընթանում են լաբորատոր փորձարկումներ:
Խաչատրյանը մեզ հայտնել է, որ այսօր նախարարությունը 2 դեղատներում ստուգումների արդյունքում հայտնաբերել է պիտանելիության պիտակի վրա օրիգինալից մի քիչ տարբեր թվեր ունեցող դեղեր, սակայն փորձաքննությունը ցույց կտա` արդյոք դեղերն արտադրվել են «Նիկոմեդ»-ի կողմից, թե ոչ:
Ավելի վաղ «Նիկոմեդը» կեղծ դեղեր էր հայտնաբերել 7 դեղատներում:
«Ինչ-որ մեկը որոշել է շահույթ ունենալ: Բարեբախտաբար, նախարարությունը ստացել է ահազանգ ու արագ արձագանքման մեխանիզմներ ունի և շուտ հայտնաբերել է կեղծիքը»,- ասել է փոխնախարարը, իսկ մեր հարցին, թե նախարարությունը չունի արդյոք մեխանիզմ կանխելու կեղծ դեղամիջոցների մուտքը դեղատներ, Խաչատրյանն ասել է. «Ոչ, սա մաքսանենգություն է: Մեզ պետք է ահազանգեն, որ քննություն սկսենք»:
Նշենք, որ այսօր մամուլի ասուլիսին Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության ղեկավար Սամվել Զաքարյանը կարծիք էր հայտնել, որ շուկայում կեղծ դեղորայքի մուտքին նպաստել է Հայաստանի կառավարության 2011 թվականի որոշումը, որով շուկան ազատականացվել է, ինչի արդյունքում թույլ է տրվել դեղորայք ներկրել ոչ միայն արտադրող, այլև ցանկացած երկրից:
Փոխնախարարը, անդրադառնալով այս դիտարկանը, ասել է, որ որոշում է ընդունվել ընկերությունների համար ավելի մրցունակ պայմաններ ստեղծելու, ավելի էժան երկրներից դեղեր ներկրելու համար, և դա բնավ չի նպաստում մաքսանենգությանը: