ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կոչ է անում միջազգային կառույցներին, դիտորդական առաքելություններին շատ ավելի հետևողական լինել իրենց առաքելություններում, որովհետև նրանց ներկայությունն ու աչալուրջ աչքը շատ կարևոր են Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների արդար ընթացքն ապահովելու համար: Այս մասին նա հայտարարել է Epress.am-ի զրույցում, մեկնաբանելով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի` խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ երեկ հղած ուղերձը:
«Չեմ կարծում, թե ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն ինչ-որ նոր բան է ասել, նա ընդամենը հանդես է եկել կոչով՝ դրսևորել քաղաքական կամք ազատ, արդար ընտրություններ անցկացնելու համար: Այսինքն այն է, ինչ ասվել է մշտապես ու այն է, ինչին իրապես մեզանից յուրաքանչյուրը և յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է հետամուտ լինի, որ կարողանանք արժանավայել անցկացնել ընտրությունները: Որևէ նոր բան ես դեսպանի խոսքում չտեսա», – ասել է Զոհրաբյանը:
Նրա կարծիքով՝ իրենք էլ բազմիցս ասել ու ասում են ընտրողներին, որ ընտրական իրավունքը ցանկացած էտապում կամ մակարդակում որևէ կերպ խախտվելու դեպքում անպայման դիմեն կուսակցություններին:
«Կոնկրետ ԲՀԿ-ն հետամուտ է լինելու, որ յուրաքանչյուրի խախտված ընտրական իրավունքը վերականգնվի: Իհարկե, այս առումով շատ կարևոր եմ համարում, որ միիջազգային հանրությունը՝ ի դեմս իրենց ներկայացուցչությունների՝ դեսպանատների, շատ հետևողական լինի այս ընտրությունների հարցում , որովհետև բոլորս էլ հասկանում ենք` այս ընտրությունների կարևորությունն ու նշանակությունը երկրի զարգացման ու հեռանկարի համար»,- նշել է Զոհրաբյանը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանին ուրախացնում է այն փաստը, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս դեսպանների, չափազանց լուրջ ազդանշաններ է հղում թե’ իշխանություններին, թե’ քաղաքական ուժերին, թե’ հասարակությանը:
«Տվյալ պարագայում նկատելի էր և չափազանց դիպուկ՝ Հրազդանի ընտրություններին տրված գնահատականը` նշելով, թե առավելությունները, թե նաև այն էական բացերը, որպեսզի հանկարծ իշխանությունների մտքով չանցնի, որ կարելի է նման մի բան անցկացնել, ինչպես Հրազդանի ընտրություններում և դա համարել քայլ առաջ: Երկրորդը՝ չափազանց էական է, որ ԱՄՆ դեսպանատունը նույնպես ուզում է իրապես տեղեկացված լինել ընտրախախտումների վերաբերյալ և սա նշանակում է, որ Հայաստանում ազատ ու արդար ընտրություններ փափագող ու դրա համար պայքարող հասարակությունը և նաև քաղաքական ուժերն ունեն դաշնակից տվյալ հարցում: Երրորդ դիտարկումը, որ ես կանեի, այն է, որ դեսպանը նախազգուշացնում է վաղօրոք կաշառք բաժանելու անթույլատրելիությունը, ինչով այս օրերին ողողված է ամբողջ հանրապետությունը: Կարծում եմ դեսպանատունը նույնպես անմասն չի մնացել այս լուրերին ու հետևաբար համարում եմ, որ նախազգուշացումը ճիշտ է արված», – եզրափակել է Սաֆարյանը:
ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ողջունել է ԱՄՆ դեսպանի երեկվա կոչը:
«Նա հորդորում է, որ ընտրողներն ահազանգեն ընտրակեղծիքների մասին, դա վկայում է, որ ԱՄՆ-ի դեսպանը և իր ներկայացրած մեզ բարեկամ պետությունը հետաքրքրված են մեր երկրում ժողովրդավարացման պրոցեսներով և շահագրգռված են ճիշտ այնպես, ինչպես ՀՀԿ-ն, որպեսզի արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնենք», – ասել է Շարմազանովը: