Փրկենք «Մոզրովի քարանձավը» նախաձեռնության անդամ Գոռ Հովհաննիսյանը համոզված է, որ այս պահին Մոզրովի քարանձավի մուտքը փակելը ամենախելացի որոշումն էր: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ինքը՝ Հովհաննիսյանը:
«Մուտքը բավական վտանգավոր է, նախամուտքի առաստաղն ամբողջությամբ ճաքճքած է ու ցանկացած պահի կարող է փլուզվել ինչ-որ մեկի գլխին: Վերջերս «Մոզրովի» շուրջ բարձրացած աղմուկից հետո շատ-շատերը ցանկանում են գնալ քարանձավ՝ չգիտակցելով, որ այնտեղ մտնելը խիստ վտանգավոր է», – ասել է Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ քարանձավի մուտքը փակելու մասին պլաններ վաղուց են եղել. այդ մասին հայտարարվել էր մինչ վերջին փլուզումը:
«Մինիմում մեկ տարի քարանձավի մուտքը հերմետիկ փակված է մնալու, որպեսզի կաթոցներից վերականգնվի խոնավությունը, լվացվեն փոշիները: Եթե կամարի ճաքը չլիներ, մուտքը ավելի վաղ կբացվեր: Անտանգության տեսանկյունից այս քայլը շատ ճիշտ է արված: Որոշումն ընդունել են Մշակույթի նախարարությունը, Հուշարձանների պահպանության կոմիտեն, իհարկե, այդ գործում մեծ է նաև մեր դերակատարությունը. ի վերջո մեր դրդմամբ չի կայացվել այն, սակայն մենք էլ նույնն էինք պահանջում», – նշել է նա:
Հովհաննիսյանը նաև նշել է, որ «Մոզրովի» քարանձավի կամարի վերականգնման համար անհրաժեշտ է 120 հազար դոլար, որն այս պահին իրենք չունեն:
«Պետությունը չի պատրաստվում, իհարկե, 120 հազար դոլարը տրամադրել՝ պատճառաբանելով, թե այս պահին ավելի լուրջ խնդիրներ ունի: Մենք կփորձենք գտնել այդ գումարը, իսկ թե ինչպես, պարզ կլինի ավելի ուշ», – նշել է Հովհաննիսյանն ու հավելել, որ մինչ այդ քարանձավի մուտքը զոդված է լինելու:
«Մարդկանց համար ելումուտի ոչ մի անցք չի մնալու, առայժմ այն բաց կլինի միայն չղջիկների ու թռչունների համար: Հսկողությունը քարանձավում շարունակական կլինի, ու մասնգետների օգնությամբ անընդմեջ աշխատանքներ կտարվեն այնքան ժամանակ, մինչև կկարողանանք ձեռք բերել նշված գումարը ու կատարել աշխատանքները, ինչն այսօր ամենամեծ խնդիրն է», – եզրափակել է Հովհանննիսյանը:
Հիշեցնենք, որ մարտի կեսերին տեղեկատվություն տարածվեց, որ «Մոզրովի» քարանձավը փլուզվել է։ Մասնագիտական խումբն Արփի համայնքում հաշվառված քարանձավի տարածքում հաջորդող օրերին ուսումնասիրություն կատարեց՝ արձանագրվելով, որ քարանձավը չի փլուզվել, սակայն անդունդի մուտքի հատվածի կամարի եզրից քարեր են թափվել՝ առաջացնելով հատակի սողք: Մասնագետներն արձանագրեցին նաև, որ վնասված չէ քարանձավի հիմնական ծավալը ու քարայրի ամբողջությանը վտանգ չի սպառնում: Սակայն, երկրաբանական ու կլիմայական ազդեցությամբ պայմանավորված, խիստ վթարավտանգ է դարձել քարանձավի մուտքի հատվածը։
Նկատի ունենալով մասնագետների երզրակացությունն ու հանգամանքը, որ քարանձավ հաճախ մուտք են գործում նաեւ շարքային քաղաքացիներ, էքստրեմալ տուրիզմի սիրահարներ, ՊՈԱԿ-ի ղեկավարությունը որոշում կայացրեց քարանձավի մուտքը փակել՝ կանխելու և բացառելու հնարավոր դժբախտ պատահարները։