Home / Տեսանյութեր / Կրկին ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում. պատգամավորը փորձել է խեղդել գործընկերոջը

Կրկին ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում. պատգամավորը փորձել է խեղդել գործընկերոջը

Երեկ թուրքական խորհրդարանում կրթական բարեփոխումների վերաբերյալ վիճահարույց օրինագծի շուրջ քննարկումները կրկին ծեծկռտուքի են վերածվել:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) անդամ Մեհմեդ Մեթիների և ընդդիմադիր «Հանրապետական ժողովրդական» (CHP) կուսակցության  պատգամավոր Վելի Աղբաբայի միջև լեզվակռիվ է սկսվել այն բանից հետո, երբ Մեթիները արձագանքել է Աղբաբայի կողմից իր ելույթի ժամանակ հնչեցված որոշ արտահայտություններին:

Պատգամավորների միջև սկսված վիճաբանությունը գնալով թեժացել է, և Մեթիները ապտակել է Աղբաբային: Մեթիները այնուհետև բռնել է Աղբաբայի կոկորդը` փորձելով խեղդել նրան: Մյուս խորհրդարանականները նետվել են բաժանելու նրանց: Աղբաբան, ըսը Hurriyet-ի, բղավել է. «Ո՞վ ես դու: Ո՞վ է այս բանդիտը», երբ նրանց բաժանում էին:

Իշխող կուսակցության մեկ այլ պատգամավոր` Հալիդե Ինչեքարան, միաժամանակ, նետվել է ֆոտոլրագրողների վրա, որոնք նկարահանելիս են եղել միջադեպը. «Ի՞նչ է կատարվում այստեղ: Ի՞նչ եք նկարահանում: Այստեղ նայելու բա՞ն կա»:

Ընդդիմադիր պատգամավորները պահանջել են, որպեսզի Մեթիներին նկատողություն արվի, սակայն պահանջը մերժվել է իշխող կուսակցության պատգամավորների ձայների մեծամասնությամբ:

Ընդհարման ավարտից հետո ընդդիմադիր պատգամավոր Մուհարեմ Ինչենը դիմել է իշխող կուսակցության ներկայացուցիչներին հետևյալ հայտարարությամբ. «Մենք հաջորդ անգամ զենք կբերենք խորհրդարան, եթե այսպես շարունակեք: Դուք մեզ այլ տարբերակ չեք թողնում»:

Նշենք, որ կրթական բարեփոխումների վերաբերյալ օրինագիծը, որը 12-ամյա կրթության համակարգին անցնելու ծրագիր է նախատեսում, արդեն իսկ մի քանի ընդհարումների պատճառ է դարձել: Խորհրդարանականները ոչ մի կերպ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ խնդրո առարկայի շուրջ, որը պարբերաբար ընդհարումների և ծեծկռտուքների առիթ է դառնում: