Մոտ մեկ ժամ առաջ Հանրային հեռուստաընկերության տարածքից ոստիկանության Նորք-Մարաշ բաժանմունք բերման ենթարկված Երվանդ Կարապետյանին այս պահին շտապ-օգնության մեքենայով՝ երկու ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխում են հոգեբուժարան՝ պարզելու, թե արդյոք ինքը հոգեկան շեղումներ ունի: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Կարապետյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է:
Նրա խոսքով՝ ոստիկանական բաժանմունքում ինքը հրաժարվել է որևէ պարզաբանում տալ ոստիկաններին, քանի որ արդեն ներկայացրել է անձնագիրն ու որևէ ասելիք չունի: Ի պատասխան Կարապետյանի` ոստիկանները ևս հրաժարվում են խոսել՝ առավել ևս` հարցերի պատասխանել: Աջակցություն ստանալու համար ինքը դիմել է Իրավական աջակցության կենտրոնին և խնդրել է ահազանգել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:
«Այսօր առավոտյան ժամը 11-ից Հանրային հեռուստաընկերության շենքի մուտքի կողմից, փողոցում՝ մայթին կանգնած պիկետ էի անցկացնում: Մի քանի պլակատ ունեի՝ «Հանրայինը խախտում է օրենքը», «Ապահովեք բազմակողմանի լուսաբանում», մյուսն էլ Սերժ Սարգսյանի փեսայի նկարով էր ՝ «Վերադարձնենք եթերը Միշիկից», ըստ տեղեկությունների, որոնք չեն հերքվել, նա վերահսկում է հեռուստադաշտը ու հեռուստամագնատ է: Կես ժամ առաջ մի քանի ոստիկաններ եկան, առանց ներկայանալու, իմ կամքին հակառակ՝ միանգամից հրելով ինձ նստեցրին մեքենան ու տարան: Երբ փորձեցի հասկանալ՝ ինչ է կատարվում, ու հարցրեցի, թե ուր են տանում, ոստիկանները պատասխանեցին, որ իրենք ահազանգ են ստացել, թե Հանրայինի մոտ հոգեկան հիվանդ կա և տանում են ճշտելու», – ասել է նա:
«Ես բացատրեցի, որ իրավունք ունեմ պիկետ անցկացնելու, ինձ ասացին՝ չունես, քանի որ Հանրայի հեռուստաընկերությունը ստրատեգիական օբյեկտ է», – ասել է Կարապետյանը:
Լուսանկարը` Երվանդ Կարապետյանի Facebook-ի էջից