«ՄԳԱ Վոթըր» ընկերությունը («Մաքուր ջուր» ապրանքանիշ) լուրջ առավելություններ է ստացել շուկայում` անբարեխիղճ վարքագծի շնորհիվ, այսօրվա նիստում հայտարարել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ):
Վերջինս որոշում է կայացրել ընկերության նկատմամբ կիրառել առավելագույն պատիժը` տուգանք տարեկան հասույթի 1%-ի չափով: Բացի դա, «ՄԳԱ Վոթըր»-ին հանձնարարվել է 5-օրյա ժամկետում վերացնել խախտումը:
Տարածած հաղորդագրության մեջ Հանձնաժողովը նշում է, որ խմելու ջրի արտադրությամբ զբաղվող «Էվրի Դեյ» («Բյուրեղ» ապրանքանիշ) ընկերությունը բողոք է ներկայացրել` տեղեկացնելով, որ մրցակից «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը սպառողին առաջարկում է խմելու մաքուր ջուր, սակայն դրա շշալցման ժամանակ օգտագործվում է ոչ թե լեռնային աղբյուրի, այլ քաղաքային սովորական ջրամատակարարման ցանցի ջուր:
Հանձնաժողովն ուսումնասիրել է «ՄԳԱ Վոթըրի» գործունեությունը և բացահայտել, որ թեև ընկերությունը թե իր արտադրատեսակի վրա և թե գովազդներում նշում է, որ օգտագործում է բացառապես Գառնիի բարձրադիր լեռնային աղբյուրից հոսող ջուրը, սակայն դա իրականությանը չի համապատասխանում` «Մաքուր ջուրը» շշալցվում է Նուբարաշենի տարածքում գտնվող քաղաքային ջրամատակարարման ցանցի ծորակներից:
Հանձնաժողովի դիտարկմամբ, «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը անբարեխիղճ մրցակցության միջոցով մրցակցային լուրջ առավելություններ է ստացել, մասնավորապես, իր կողմից թողարկվող արտադրանքի վրա կատարելով ավելի քիչ ծախսեր` հնարավորություն է ունեցել ընդլայնվել շուկայում և շահեկան բիզնես ծավալել:
Ընկերությունը էժան ինքնարժեքի շնորհիվ շատ դեպքերում շահել է պետական գնումների մրցույթներում` առաջարկելով անհամեմատ ցածր գին:
Բացի դա, ընկերությունն ակնհայտորեն ոտնահարել է սպառողների շահերը` նրանց գցելով շփոթության և թյուրիմացության մեջ:
«ՄԳԱ Վոթըրը» շուկայում գործող ամենախոշոր ընկերությունն է և 2011թ.-ին Հանձնաժողովի կողմից ճանաչվել է գերիշխող դիրք ունեցող` ավելի քան 35% մասնաբաժնով: Սակայն կատարված ներկա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընկերության կշիռը շուկայում շատ ավելի մեծ է և թողարկվող արտադրանքի ծավալները զգալիորեն քիչ են ներկայացվում: