Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը համոզված է, որ Իրանի դեմ հնարավոր հարձակման դեպքում դժվար թե Ադրբեջանը փորձի բացահայտորեն խառնվել այդ գործընթացին: Նա չի բացառել Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ «որոշակի ավանտյուրայի գնալու» հանգամանքը:
«Չնայած նրան, որ Ադրբեջանը Իսրայելից ձեռք է բերել ռազմածովային ուժերի սպառազինություններ, որոնք, ըստ էության, չեն կարող ուղղվել Ղարաբաղի դեմ, այսինքն` դրանք անհնար է օգտագործել Ղարաբաղի սարերում, այնուամենայնիվ, խառնված իրավիճակում Ադրբեջանը կփորձի արագ հարձակման անցնել ու որոշակի հաջողություններ գրանցել», – նշել է Ասատրյանը:
Իրանագետ Արմեն Իսրայելյանի խոսքով՝ Ադրբեջանը ցանկացած պահ կօգտագործի Հայաստանի նկատմամբ սադրիչ գործողություններ իրականացնելու համար:
«Ադրբեջանը գրեթե ամեն օր հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, և չի բացառվում, որ նման առիթը բաց թողնի Ղարաբաղի դեմ ռազմական հարձակում իրականացնելու համար», – նշել է իրանագետը:
Հարցին, թե նման պարագայում ի՞նչ դիրքորոշում կընդունի Ռուսաստանը, Ասատրյանը նշել է, որ Ռուսաստանը չի ցանկանա, որպեսզի իրավիճակը լարվի:
«Ռուսաստանը, որպես իր դաշնակցի, պարտավոր է օգնել Հայաստանին հնարավոր հարձակման դեպքում, ու հուսով ենք, որ կկատարի իր պարտավորությունները», – հայտարարել է Ասատրյանը:
Նա նաև ավելացրել է, որ Արևմուտքը և, մասնավորապես, Իսրայելն անընդհատ փորձում են երաշխիքներ ստանալ Ադրբեջանից, որ վերջինս կտրամադրի իր տարածքը Իրանի դեմ հավանական հարձակման դեպքում, սակայն Իրանն էլ, իր հերթին, հայտարարում է՝ ցանկացած երկիր, որ տարածք կտրամադրի հարձակման համար, կենթարկվի հարվածների:
«Ադրբեջանը, բնականաբար, փորձում է չեզոք դիրք զբաղեցնել ու հայտարարում է, որ տարածք չի տրամդրի, ու պարզ է դառնում, որ Արևմուտքը շարունակում է ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա՝ այդ երաշխիքները ստանալու համար», – նշել է ադրբեջանագետը: