Պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ արևմտյան ԶԼՄ-ներում շրջանառվող այն լուրերը, թե «Եվրատեսիլ-2012» միջազգային երգի մրցույթի ժամանակ անվտանգության կազմակերպումը Բաքվում իրականացվելու է իսրայելական MOSSAD հետախուզության կողմից, անհիմն են:
«Ադրբեջանը արտասահմանյան հետախուզության, այդ թվում` Իսրայելի հատուկ ծառայությունների օգնության կարիքը չունի: Եվրատեսիլի անցկացման ժամանակ անվտանգությունն ապահովելու են Ադրբեջանի հատուկ ծառայություններն ու իրավապահ մարմինները»,- երկուշաբթի ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով պատասխանատու Ալի Հասանովը:
Ադրբեջանն ունի բոլոր հնարավորություններհ մրցույթի անվտանգությունը լիարժեք կերպով իրականացնելու համար:
«Ադրբեջանն ունի ուժեղ, բոլոր հնարավորություններին տիրապետող հատուկ ծառայություններ: MOSSAD-ը Ադրբեջանում ոչ մի գաղտնի կամ հատուկ խմբեր չունի: Բոլոր կապերը, տարբեր երկրների հետ փոխադարձ հարաբերությունները, որոնց հետ համագործակցում է Ադրբեջանը, թափանցիկ են, և դրանք ուղղված չեն և չեն ուղղվելու որևէ պետության դեմ, առավել ևս` Իրանի», – ասել է Հասանովը: