Ադրբեջանի կողմից թույլ տրված դաժանության և վանդալիզմի շարքում ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի դեպքերը մեկն են սադիզմի և գազանաբարո վարքի այն ամենածայրահեղ դրսևորումներից, որոնք երբևէ հայտնի են եղել մարդկությանը: Այս մասին ասված է ԼՂՀ ԱԳՆ մեկնաբանության մեջ, որն արվել է Մարաղայի իրադարձությունների կապակցությամբ
ԼՂՀ ԱԳ նախարարությունը հիշեցնում է, որ 1992 թվականի ապրիլի 10-ին, երեք ժամանոց հրետանային նախապատրաստությունից հետո Ադրբեջանի կանոնավոր բանակի ստորաբաժանումներն ադրբեջանական Միր-Բաշիր /այժմ` Թարթառ/ բնակավայրից ներխուժել են ղարաբաղյան Մարաղա գյուղը:
«Ագրեսիային զոհ գնացին 100-ից ավելի մարդիկ, հիմնականում` կանայք, երեխաներ, ծերեր: Տասնյակ մարդիկ դարձան պատանդներ, ոմանք հետագայում փոխանակվեցին, սակայն շատերի ճակատագիրն էլ առ այսօր մնում է անհայտ: Մոտ երկու շաբաթ անց, ապրիլի 22-23-ին Մարաղան ենթարկվեց կրկնակի հարձակման, մոխրացած հայրենի գյուղ վերադարձած մարդիկ ստիպված եղան ընդմիշտ հեռանալ այնտեղից: Մարդկային ողբերգության խորությամբ, դաժանության աստիճանով, բռնության ենթարկված և պատանդ վերցված անձանց թվաքանակով` Մարաղայի դեպքերը առանձնակի տեղ են զբաղեցնում այն արյունահեղ հանցագործությունների շարքում, որոնք 1991-1992 թվականների ադրբեջանական ագրեսիայի շրջանում իրականացրել է Ադրբեջանը Գետաշենում, Մարտունաշենում, Բուզլուխում, Էրքեջում և ԼՂՀ հյուսիսի այլ հայաբնակ վայրերում», – նշված է մեկնաբանության մեջ:
ԼՂՀ ներկայացուցիչներն ընդգծում են, որ քանի օր անց ողբերգության վայր եկած բրիտանական խորհրդարանի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսին ցնցել էր շուրջը տիրող պատկերը:
«Նրանք մարդկային ցեղից չեն», – այսպես է արտահայտվել լեդի Քոքսը ադրբեջանցի զինվորականների մասին, որոնք սպանդ են իրականացրել: Բարոնուհին ոչ միայն նկարահանել և լուսանկարել է այդ գազանությունները, այլև նկարագրել է իր բազմաթիվ հարցազրույցներում և «Էթնիկ զտումները շարունակվում են» գրքում:
Դեպքերի հրաշքով ողջ մնացած ականատեսը` Սեդա Պողոսյանը պատմում է.
«Կանայք, ծերերը և երեխաները թաքնվել էին նկուղներում և բլինդաժներում: Երրորդ օրը` 1992 թվականի ապրլի 10-ին ադրբեջանցիները մտան գյուղ: Նրանցից մի քանիսը սկսեցին մոտենալ այն բլինդաժին, որտեղ ես էի հարսիս` Մարինեի և երկու մանկահասակ թոռներիս` 4-ամյա Կարենի և 2-ամյա Վիգենի հետ: Ադրբեջանցիները կարգադրեցին դուրս գալ: Աստիճաններով առաջինը սկսեց բարձրանալ ծերունի Սաշան, նրա ետևից` Ասյան և Զաբելը: Հենց որ մարդը դուրս ելավ բլինդաժից, նրան տեղնուտեղը սպանեցին: Հարսս, երեխաներին թողնելով ինձ մոտ, նույնպես սկսեց վեր բարձրանալ աստիճաններով: Ադրբեջանցին, որ պատրաստ պահել էր դանակը հարվածելու համար, կանգ առավ և սկսեց նրանից պոկել թանկարժեք զարդերը: Հետո պատառոտեց նրա զգեստը: Նա սկսեց վազելով փախչել, ադրբեջանցին` նրա ետևից: Բլինդաժի ելքն ազատ էր: Մարդիկ նետվեցին դեպի դուրս: Նրանց նկատեցին թալանով զբաղված ադրբեջանցիները և վրա հասան սպանելու` կացիններով, դանակներով, գերանդիներով: Իսկույն մորթվեցին Մասյա և Ռուբեն Անանյանները: Տեսա, դահիճներից ինչպես է փախչում հարսիս քույրը` Կարինան»:
ԼՂՀ ԱԳ նախարարությունը նշում է, որ 1997 թվականին մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ համատեղ ուժերով Մարաղայի դեպքերի վերաբերյալ ծավալուն տեղեկանք են պատրաստել և այն ուղարկել Միավորված Ազգերի Կազմակերպության Մարդու իրավունքների հանձնաժողովին: Helsinki Watch միջազգային կազմակերպությունը պաշտոնապես հաստատել է, որ տասնյակ խաղաղ բնակիչներ տանջամահ են արվել և տասնյակ կանայք ու երեխաներ պատանդ են քշվել:
«Սակայն Մարաղայի ողբերգական դեպքերը բավարար չափով չեն արտացոլվել արտասահմանյան մամուլում, մինչև այսօր դրանք չեն արժանացել միջազգային հանրության համարժեք գնահատականին…
Այն, ինչ տեղի ունեցավ Մարաղա գյուղում, որն առ այսօր բռնազավթված է Ադրբեջանի կողմից, չի կարելի անվանել ռազմական գործողություն, քանի որ այդ բնակավայրում ռազմակայաններ չեն եղել և ապրել եմ միայն ու միայն խաղաղ քաղաքացիներ, ովքեր էլ դարձել էին ագրեսիայի գլխավոր թիրախը: Հանցավոր գործողությունները ունեին մեկ նպատակ` վտարել մարդկանց հայրենի հողից:
Ամփոփելով վերը շարադրվածը, պետք է արձանագրել, որ Մարաղայի խաղաղ բնակչության սպանդը վաղեմություն չունեցող հանցագործություն է` ընդդեմ մարդկության և քաղաքակրթության, իսկ նրա կազմակերպիչներն ու կատարողները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ», – եզրափակում է մեկնաբանությունը: