Home / Տեսանյութեր / Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը լարված պայքար է խոստանում

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը լարված պայքար է խոստանում

Շաբաթ օրը մեկնարկած Հայաստանի առաջնության առաջին տուրում հաստատվեցին մասնագետների այն կարծիքները, որ հայաստանյան ակումբային ֆուտբոլի գլխավոր ստուգատեսն այս տարի անցնելու է համառ պայքարում:

Մեկնարկային տուրի բոլոր 4 հանդիպումները լարված էին ու անզիջում: Առաջնության սկիզբը տրվեց մարտի 31-ին Երևանում` «Բանանց» ակումբի ստադիոնում, որտեղ դաշտի տերերն ընդունել էին «Փյունիկին»: Առաջին խաղակեսում գոլի հեղինակ դարձավ Արտակ Դաշյանը «Բանանցից», երկրորդում հյուրերի հարձակվող Հովհաննես Հովհաննիսյանը հավասարեցրեց հաշիվը: Չնայած ավելի շատ գոլեր չփխվեցին, ստադիոնում հավաքված մոտ 2000 երկրպագուները գոհ մնացին խաղից. գարնանային ֆուտբոլի համար այն չափազանց որակով էր` լի գոլային գեղեցիկ դրվագներով:

Նույն օրը «Միկա» մարզադաշտում կայացած «Իմպուլս»-«Միկա» խաղը: Հետաքրքիր է, որ դաշտի տերերն էին Դիլիջանի «Իմպուլսի» ֆուտբոլիստները. որակյալ դաշտերի սղության պատճառով դաշտի տերերը որոշել էին տնային հանդիպումն անցկացնել մրցակցի ստադիոնում:

Այս խաղում նույնպես ակտիվ և երկուստեք գրոհներով ֆուտբոլ գրանցվեց, ու, չնայած Նորայր Գյոզալյանը «Իմպուլսից» 11-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, «Միկան» նախ 41-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, իսկ հանդիպման ավելացված ժամանակի երրորդ րոպեին Գևորգ Պողոսյանի ջանքերով խփեց հաղթական գնդակը:

Ապրիլի մեկին նույն սցենարով ընթացավ «Արարատ»-«Շիրակ» հանդիպումը: Դաշտի տերերը բացեցին հաշիվը 9-րդ րոպեին. գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Արա Հակոբյանը:

Սակայն «Շիրակը» կարողացավ դեռևս 1-ին կեսում երկու գնդակ խփել ու կամային հաղթանակ տանել: Միակ հանդիպումը, որում գոլեր չգրանցվեցին, «Ուլիս»-«Գանձասար» խաղն էր. ավանդաբար փակ ֆուտբոլ ցուցադրող այս թիմերը բավարարվեցին գոլազուրկ ոչ-ոքիով:

Արդյունքներ.

«Բանանց»-«Փյունիկ» 1:1 (1:0)

Երևան, «Բանանց» մարզադաշտ
Մրցավար` Զավեն Հովհաննիսյան
Գոլերը` Արտակ Դաշյան, 35 («Բանանց»), Հովհաննես Հովհաննիսյան, 69 («Փյունիկ»)

«Իմպուլս»-«Միկա» 1:2 (1:1)
Երևան, «Միկա» մարզադաշտ
Մրցավար` Գևորգ Եղոյան
Գոլերը` Նորայր Գյոզալյան, 11 («Իմպուլս»), Ալեքս Էնրիկե դա Սիլվա, 41, Գևորգ Պողոսյան, 90+3 («Միկա»)

«Ուլիս»-«Գանձասար» 0:0

Իջևան, «Արնար» մարզադաշտ

Մրցավար` Անդրանիկ Արսենյան

 

«Արարատ»-«Շիրակ» 1:2 (1:2)

Ոսկեհատ, «Վարդանանք-451» մարզադաշտ

Մրցավար` Արման Ղուշչյան

Գոլերը` Արա Հակոբյան, 9 («Արարատ»), Գևորգ Հովհաննիսյան 13, Ֆոֆանա Բեկո Իսմաիլ, 33 («Շիրակ»)