Պետությունը խոսքի ազատության համար պետք է պատասխանատվություն կրի: Այս մասին այսօր «Ազատ ընտրությունները և ազատ խոսքը որպես ժողովրդավարական հասարակության էական պայմաններ» թեմայով իր ելույթի ժամանակ հայտարարել է Միացյալ Թագավորությունից Երևան ժամանած իրավաբան, Մեծ Բրիտանիայի թագուհու խորհրդական Գևին Միլլերը:
Ելույթը հնչեցվել է ապրիլի 2-ից 3-ը «Կոնգրես» հյուրանոցում «Իրավունքի Եվրոպա միավորում» (ԻԵՄ) հասարակական կազմակերպության, ԵԱՀԿ-ի Երևանի գրասենյակի և Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ անցկացվող «2012թ. խորհրդարանական ընտրությունների արժանահավատ, պատասխանատու և հավասարակշռված լուսաբանում» սեմինար-վերապատրաստման ընթացքում:
Միլլերը տեղեկացրել է, որ ինքը Միացյալ Թագավորությունում ներկայացնում է հեղինակավոր լրատվամիջոցների շահերը դատարաններում` կապված տարբեր խնդիրների հետ, և որպես աշխատանքի հիմք` մեջբերել է Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, որը վերաբերում է երաշխավորված խոսքի ազատությանը:
Բանախոսը նշել է, որ ընտրությունների ժամանակ հաճախ սահմանափակվում է խոսքի ազատությունը, և դատարաններում երբեմն խնդիր է առաջանում պաշտպանել թե ընտրության իրավունքը, թե խոսքի ազատությունը:
Մեծ Բրիտանիայի օրինակի մասին խոսելով` Միլլերը պատմել է պետության միջամտության մասին: Նրա խոսքով` ընտրությունների ժամանակ Բրիտանիայում քաղաքական գովազդն արգելված է և հսկողոթյուն է սահմանված լրատվամիջոցների վրա. նրանք պետք է հավասար պայմաններում լուսաբանեն բոլոր թեկնածուներին:
Եթե հեռուստատեսությամբ քաղաքական խնդիր է քննարկվում, ապա խմբագրերը պետք է ապահովեն բոլոր կողմերի մասնակցությունը: Տվյալ շրջանում հեռուստատեսությամբ հեռարձակվում են կուսակցությունների վերաբերյալ հաղորդումներ, որոնք տևում են 5-10 րոպե: Այդ հաղորդումների ընթացքում կուսակցություններին ժամանակը տրվում է այն սկզբունքով, թե որքան ձայն են ստացել ընտրությունների ժամանակ: Այն կուսակցությունները, որոնք չեն մասնակցել ընտրություններին, մեծ դժվարությամբ են ժամանակ ստանում եթերում:
Միլլերի խոսքով` Երևանում անցկացվող երկօրյա քննարկումների ընթացքում իրեն հնարավորություն կտրվի ավելի լավ հասկանալ, թե ինչպես են Հայաստանում սահմանափակում խոսքի ազատությունը և ընտրական իրավունքը, ու համապաստասխան գնահատական տալ: