ԱԺ գալիք ընտրություններին համամասնական ընտրակարգով առաջադրված «Միավորված հայեր» կուսասկությունը պետականամետ ուժ է: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է 29 հոգանոց ցուցակով ներկայացված «Միավորված հայեր» կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանը:
«Այսինքն, եթե իշխանամետը ծառայում է աթոռին, իր գրպանին, պետականամետը պետք է ծառայի ազգի շահին, իրավունքի գերակայությանը, օրենքին, որ ծառայում է ժողովրդին: Մեր գաղափարախոսության հիմքում առաջինը դրված է ազգի շահը»,- ասել է Ավագյանը:
Իր գործունեության մասին կուսկացությունն ընտրողներին տեղեկացնում է կուսակցության շաբաթաթերթի և կայքի միջոցով, բացի դա, այս պահին իրենք ստեղծում են նախընտարկան շտաբներ: Կուսակցության նախագահը նկատել է, որ «Միավորված հայեր» շաբաթաթերթը լույս է տեսնում 7000 օրինակ տպաքանակով:
Ավագյանի խոսքով` համաձայն գործող օրենսդրության, իշխանությունները պարտավոր են իրենց հատկացնել տարածքներ, որտեղ իրենք կարող են հանդիպել ընտրողների հետ:
Ընտրողների հետ շփվելու փողոցում անցկացվող հանրահավաքների կոնցեպցիան կուսակցությունը չի ընդունում` «Միավորված հայերն» օգտագործելու են հեռուստաեթերն ու շտաբները:
Խոսելով ընտրակաշառքի մասին` Ռուբեն Ավագյանը կարծիք է հայտնել, որ ոչ բոլորն են գնալու այդ ճանապարհով:
«Մենք հավատում ենք, որ կան ընտրողներ, որոնք հավատում են, որ իշխանությունը պետք է վերադարձվի ժողովրդին: Այսօր իշխանությունը գտնվում է օլիգարխների կրունկի ներքո և կա մի մաս, որ հավատում է մեր երկրին, Հայաստանին: Այդ ընտրողները, մենք համոզված ենք, մեզ ձայն կտան, այդ ընտրողները կհաղթեն:
Մենք ճանապարհը ցույց կտանք: Մենք չվերականգնենք ժողովրդի հավատը իշխանության հանդեպ, մենք ոչ մի հարց չենք կարող լուծել», – ասել է Ռուբեն Ավագյանը: