«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում մարտի 6-ին հացադուլ հայտարարած ամբաստանյալ Արտակ Կարապետյանը, ով բանտարկյալներին օրենքով տրամադրվող ասեղ-թելով կարել էր բերանն ու 6 օր անց, քանդելով կարերը, ինքնավնասման փորձ էր կատարարել, այժմ իրեն լավ է զգում ու սպասում է ապրիլի 26-ին կայանալիք դատական նիստին:
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Կարապետյանի փաստաբան Թամարա Յայլոյանը:
«Արտակն ինչ–որ բան էր կուլ տվել, հավանաբար, երկաթի կտոր էր կամ դոմինոյի քար, ինչի պատճառով էլ դատական նիստը, որը պետք է կայանար մարտի 13-ին, հետաձգվեց: Մյուս նիստը, որը պետք է կայանար մարտի 26-ին, հետաձգվել է, քանի որ նիստից մեկ-երկու օր առաջ մահացել է դատավոր Էդիկ Մանուկյանի կինը», – պատմել է Յայլոյանն ու ավելացրել, որ միջադեպից անմիջապես հետո Արտակին ենթարկել են ուլտրաձայնային հետազոտության, սակայն ոչինչ չեն հայտնաբերել: Փաստաբանը նշել է, որ, հավանաբար, կուլ տվածը դուրս էր եկել մինչ հետազոտությունը:
«Ամեն դեպքում նա բժիշկների հսկողության տակ էր», -նշել է Յայլոյանը:
Փաստաբանի խոսքով՝ այս պահին ամբաստանյալն իրեն լավ է զգում և պատրաստ է մասնակցել դատական նիստին:
«Միջնորդություն ունենք կատարելու և ինքը պետք է մասնակցի միջնորդության քննարկմանը: Այսօր հանդիպել եմ Արտակին, նա առողջականից չի բողոքում», – նշել է Յայլոյանը:
Հիշեցնենք, որ ամբաստանյալը մեղադրվում է դիտավորյալ սպանություն իրականացնելու համար, մինչդեռ փաստաբանը պնդում է, որ Արտակի արածը խուլիգանություն է: Ըստ առաջադրված մեղադրանքի` Արտակն իր հորը օգնություն ցույց տալու կանչված շտապօգնության 65-ամյա բժիշկ Աշոտ Գրիգորյանին հայհոյել է, հարվածներ հասցրել բժշկին, ինչի հետևանքով բժիշկը մահացել է: Վերջին դատական նիստի ժամանակ փաստաբանը միջնորդել է արտաշիրիմում անել, ինչը դատարանը մերժել է: Համաձայն պաշտպան կողմի, արտաշիրիմումից հետո կարող է պարզվել, որ բժիշկը Կարապետյանի հասցրած հարվածների հետևանքով չի մահացել:
Յայլոյանը պատմել է, որ մարտի 6-ին ամբաստանյալը բերանը կարելու միջոցով իր բողոքի ձայնն էր բարձրացրել, քանի որ շատ ընկճված էր ցմահ ազատազրկվելու հնարավորությունից:
«Ինքը համոզված էր, որ ոչինչ չի փոխվելու ու իրեն ցմահ են ազատազրկելու: Այդ իսկ պատճառով՝ հուսահատությունից գնացել էր այդ քայլին: Մարտի 6-ից 12-ը նրա բերանը կարված էր սև թելով՝ կաշկանդված ձևով խոսում էր, հաց չէր ուտում, ջուրն էլ ինչ-որ հատուկ կերպով էին խմացնում: Ի դեպ, բերան կարելը առաջին դեպքը չէ, քանի որ բանտարկյալները հաճախ են դիմում նման քայլի, իսկ բժիշկներն էլ արդեն հմտացել են բուժման հարցում», – ասել է Յայլոյանը:
Փաստաբանը հուսով է, որ ապրիլի 26-ին կայանալիք նիստում Արտակ Կարապետյանի հոդվածը վերաորակվելու է:
«Ես Արտակի հետ խոսել ու բացատրել եմ, որ ինքը նախկինում դատված չի եղել, ու եթե նույնիսկ հոդվածը չվերաորակվի, ինչո՞ւ պետք է դատարանը ամենածանր պատիժը նշանակի՝ մանավանդ, որ ամբաստանյալը անչափաս երեխա ունի: Չգիտեմ՝ դատարանն ինչպես է մտածում, բայց օրենքի և արդար պատժի տեսանկյունից, առաջին անգամ հանցանք կատարած անձնավորության համար պետք է որ ցմահ ազատազրկում չլինի», – եզրափակել է Յայլոյանը:
Փաստաբանն ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ գործի առնչությամբ ինքը նախաքննության մարմնին նաև ներկայացրել է միջնորդություն` պարզելու բժիշկ Աշոտ Գրիգորյանի` նարկոլոգիական դիսպանսերում բուժված լինելու հանգամանքը: Նախաքննության մարմնի հարցմանը նարկոլոգիական դիսպանսերը պատասխանել է, թե Աշոտ Գրիգորյանը տարված է եղել ալկոհոլիզմով և ստացել է համապատասխան բուժում: Այս կետը, սակայն, չի փոխանցվել բժշկական փորձաքննական մարմնին, ինչը ևս առաջացրել է պաշտպան կողմի դժգոհությունը: