Այսօր ժամը 17:00-ին Մաշտոցի այգու կրպակների ապամոնտաժման բրիգադը քննարկում կանցկացնի` որոշելու համար իրենց հետագա անելիքները:
Այս մասին հայտարարել է բրիգադի անդամ Օշին Եղիազարյանը: Նրա խոսքով` թյուրիմացություն է եղել, քանի որ մարդիկ մտածել են, որ այսօր 13:00-ին է ապամոնտաժում լինելու: Իրականում ապամոնտաժողները, խոսելով վերջնաժամկետի մասին,նկատի են ունեցել, որ այն վերաբերվում է նրան, թե երբ կհայտնվի այն պետական մարմինը, որը իրավական գնահատական կտա այգում անօրինական շինարարությանը, ինչը ոստիկանությունը հրաժարվել է անել:
«Սա մի ամբողջական շարժում է, մենք զենքերը վայր չենք դնում, սա պարզապես բուտիկների խնդիր չէ, այլ հանրային վայրի սեփականացման հիմնահարց: Բրիգադը այսօրվա քննարկումից հետո հստակ որոշում կհրապարակի, թե ինչ է անելու հաջորդիվ», – ասել է Եղիազարյանը:
Լուսանկարը` Աստղիկ Մելքոնյանի