«Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) միջազգային կազմակերպությունն անհանգստացած է Ադրբեջանում լրագրողների բանտարկությունների փաստով: Այս առնչությամբ Կոմիտեի գործադիր տնօրեն Ջոել Սայմոնը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Նամակում նշվում է, որ Կոմիտեի տվյալներով Ադրբեջանում առնվազն 6 լրագրող ճաղերի հետևում է, և այդ ցուցանիշով երկիրը գտնվում է առաջատար տասնյակում:
Այս ամենը, նշում է Սայմոնը, տեղի է ունենում «Եվրատեսիլ» երգի մրցույթի նախօրեին, երբ ավելի քան 40 մասնակից երկրների լրագրողներ այցելելու են Ադրբեջան, և երկիրը գտնվելու է աշխարհի ուշադրության կենտրոնում:
«Ձեր կառավարությունը լուրջ ջանքեր է գործադրել «Եվրատեսիլից» առաջ երկրի իմիջը փայլեցնելու համար, որպեսզի Ադրբեջանը գրավի հյուրերին: Այնուամենայնիվ, մեր կարծիքով, Ձեր ջանքերն անիմաստ կլինեն, եթե Ադրբեջանի կառավարությունը շարունակի լռեցնել երկրում հնչող անկախ ձայները: Համակարգված բարեփոխումներ իրականացնելու, իշխանությունը չարաշահելու դեպքերը հետաքննելու պարագայում, Դուք կարող եք դեմ պայքարել Ադրբեջանում մամուլի ազատության վիճակի վատթարացմանը», – նշում է Սայմոնը:
CPJ-ը Իլհամ Ալիևին ուղարկում է բանտարկված լրագրողների ցուցակը, որոնց թվում ընդգծում է «Խուրալ» օրաթերթի խմբագիր Ավազ Զեյնալիի և լրագրող Այդին Ջանիևի, իրանական «Սահար» հեռուստաընկերության թղթակից Անար Բայրամլիի, «Իսլամ-Ազերի» կայքի խմբագիր Ռամին Բայրամովի և «Խայալ» հեռուստաընկերության տնօրեններ Զաուր Գուլիևի և Վուգար Գոնագովի անունները:
Սայմոնը նշում է, որ վերոնշյալ լրագրողների հետապնդումը կառուցված է եղել կեղծ մեղադրանքների հիման վրա և կոչ է անում Ալիևին օգտագործել իր իշխանությունն արդար հետաքննություն անցկացնելու համար, որպեսզի բանտից ազատ արձակվեն այն լրագրողները, ովքեր ճաղերի հետևում են հայտնվել միմիայն քննադատական հոդվածներ գրելու համար: