Home / Հայաստան / Շվեյցարիան դադարեցրել է Ցեղասպանությունը հերքած թուրք նախարարի դեմ քննությունը

Շվեյցարիան դադարեցրել է Ցեղասպանությունը հերքած թուրք նախարարի դեմ քննությունը

Շվեյցարիայի դատախազությունը դադարեցրել է Թուրքիայի պետնախարար և Եվրամիության հետ գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիշի դեմ առաջադրված մեղադրանքների հետաքննությունը, որը պայմանավորված էր Հայոց Ցեղասպանության վերաբերյալ նրա կողմից արված հայտարարության հետ:

Թուրքական NTV հեռուստաալիքը հայտնել է, որ Շվեյցարիան հետաքննությունը դադարեցրել են առանց որևէ բացատրության:

Հիշեցնենք, որ Բաղիշը Դավոսի տնտեսական ֆորումից Թուրքիա վերադառնալիս Ցյուրիխի օդանակավակայնում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ինքը հերքում է Հայոց Ցեղասպանության փաստը, և դա անում է հենց Շվեյցարիայում, որտեղ Ցեղասպանությունների ժխտումը քրեականորեն հետապնդելի է, և որ երկրի իշխանությունները կարող են գալ և ձերբակալել իրեն, եթե ցանկանում են:

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Ցյուրիխի գլխավոր դատախազը երկրի հայ համայնքի պահանջով հետաքննություն է սկսել Բաղիշի հայտարարության վերաբերյալ: