Վրաստանում չկա երկքաղաքացիության իրավունք, ուստի, երբ վրացահայերը գալիս են Հայաստան, ստանում Հայաստանի անձնագիր, և, որպես կանոն, երբեք հետ չեն գալիս Վրաստան, այլ մեկնում են Ռուսաստան աշխատելու, դրանով նվազեցնում են հայ բնակչության թիվը Վրաստանում:
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել է Վրաստանի նախագահի՝ ազգային փորամասնություների հարցերով խորհրդական Վան Բայբուրդը:
Նրա խոսքով` եթե նույնիսկ մարդն այլ երկրի, տվյալ դեպքում Հայաստանի քաղաքացիություն ստանալուց հետո վերադառնում է Վրաստան, նրա վրացական քաղաքացիությունը չեղյալ է համարվում:
«Անձը կարող է դիմել Վրաստանի նախագահին` խնդրանքով, որ իր վրացական քաղաքացիությունը վերականգնեն, սակայն շատ հազվադեպ` միայն այն դեպքում, երբ այդ մարդը լուրջ վաստակ ունի Վրաստան պետության համար արված: Ես չեմ կարող ասել` թե ինչքան մարդ է Ջավախքից Հայաստան գալիս ու այդ ճանապարհով մեկնում Ռուսաստան, դա ՀՀ իշխանությունները կարող են ասել»,- նշել է Բայբուրդը:
Նա հայտարարել է, որ թեև հայաթափման խնդիր Ջավախքը ունի, սակայն, այնպիսի տպավորություն է ստանում հայաստանյան մամուլից, որ Հայաստանը շատ ավելի մեծ դեմոգրաֆիկ խնդիրների առջև է կանգնած:
Նշենք, որ, երկքաղաքացիության թեմայի շուրջ խոսելով, ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը շաբաթ օրը «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում ասել էր հետևյալը.
«Ջավախքցիները երկքաղաքացիություն են ստանում իրենց նեղ վիճակից ելնելով, որպեսզի գնան Ռուսաստան արտագնա աշխատանքի և կարողանան իրենց ընտանիքներին պահել, որովհետև այնտեղ (Ջավախքում) չեն կարողանում ընտանիք պահել: Բայց դրա մասին բարձրաձայնելով` մենք մեծ հարված ենք հասցնում ջավախքահայերին»:
Լուսանկարը` RFE/RL