Թուրքական «Ձերբակալված լրագրողների համերաշխության պլատֆորմ» կազմակերպությունը հրապարակել է 1909 թվականից մինչ օրս Թուրքիայում սպանված 112 լրագրողների ցուցակը: Նրանց մեծ մասը հայեր ու քրդեր են:
Ինչպես հայտնում է Regnum գործակալությունը, կազմակերպության մամուլի խոսնակ Նեջաթի Աբայը, ներկայացնելով ողբերգական ցուցակը, հայտնել է, որ Թուրքիայում սպանված առաջին լրագրողը Հասան Ֆեհմինն է եղել, ում մահվան օրը` ապրիլի 6-ը, նշվում է որպես «սպանված լրագրողների հիշատակի օր»:
Աբայի խոսքով` լրագրողների մեծ մասը սպանվել է 1970, 1980 և 1990-ականներին:
Միաժամանակ, նշվում է, որ հայազգի գրողների ու լրագրողների մեծ մասը զոհվել են 1915-ին տեղի ունեցած Ցեղասպանության ընթացքում:
«1915 թվականի ապրիլի 24-ին Պոլսում ձերբակալված և աքսորված 220 հայ մտավորականներից 32-ը լրագրողներ և գրողներ էին: Բոլորն էլ սպանվեցին աքսորի ընթացքում: Նրանց թվում էին` Գրիգոր Զոհրապը, Սիամանթոն, Սարգիս Մինասյանը, Արմեն Դորյանը, Ռուբեն Զարդարյանը: Նրանցից շատերի գերեզմանների վայրն անգամ հայտնի չէ: 2007 թ-ի հունվարի 19-ին Ստամբուլում սպանված «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը այդ թիվը 33-ի հասցրեց»,- ասել է Նեջաթի Աբայը:
Նա հայտնել է նաև, որ 1990-1994 թվականների ընթացքում 18 քուրդ լրագրող է սպանվել: