Չնայած Լոնդոնի «Չելսին» մեկ շաբաթ առաջ Լիսաբոնում հաղթել էր պորտուգալական «Բենֆիկային», ապրիլի 4-ին Անգլիայում կայացած խաղում դաշտի տերերը չափազանց լուրջ դիմադրության հանդիպեցին:
«Բենֆիկան» ոչ միայն չէր հաշտվել պարտության հետ, այլ ավելի կատաղի պայքար մղեց «Չելսիի» դեմ՝ հանդիպումն անցկացնելով առավելությամբ: Պորտուգալական ակումբի ֆուտբոլիստներին չխանգարեց անգամ առաջին խաղակեսում 11-մետրանոցից Ֆրենկ Լեմպարդից բաց թողած գնդակը և առանցքային պաշտպան Մաքսի Պերեյրայի կարմիր քարտը: Երկրորդ կեսում «Բենֆիկան» մի շարք վտանգավոր գրոհներ կազմակերպեց` ստիպելով լոնդոնցիների դարպասապահ Պետր Չեխին լրջորեն խաղի մեջ մտնել: Սակայն անգամ Չեխն անկարող էր հետ մղել 85-րդ րոպեին մոտ տարածությունից Խավի Գարսիայի գլխով հարվածը: Հանդիպման վերջնամասում «Բենֆիկան» ամբողջ թիմով առաջ վազեց, սակայն մրցավարի ավելացրած րոպեներին հակագրոհ բաց թողեց, և պորտուգալացի Ռաուլ Մեյրելիշը տպավորիչ անցում ու մոտ 20 մետրից հուժկու հարված կատարեց՝ ամրագրելով խաղի հաշիվը՝ 2:1: Այնուամենայնիվ, «Բենֆիկան» ապացուցեց, որ խաղով առնվազն թույլ չէր մրցակցից, պարզապես երկու խաղերում էլ բախտը մի փոքր ավելի շատ էր ժպտում լոնդոնյան ակումբին:
Օրվա մյուս խաղում «Ռեալը» սեփական հարկի տակ հաղթեց Կիպրոսի ԱՊՈԵԼ-ին 5:2 հաշվով: Մադրիդցիների կազմում երկու գոլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն: Հատկապես գեղեցիկ ստացվեց պորտուգալացու երկրորդ գոլը, որը նա հեղինակեց տուգանայինից: Գեղեցիկ գոլերի հեղինակներ դարձան Կական և Անխել Դի Մարիան, ևս մեկ գոլ խփեց Խոսե Կալյեխոնը:
Կիսաեզրափակիչներում «Չելսին» կմրցի «Բարսելոնայի», իսկ «Բավարիան»՝ «Ռեալի» դեմ: Խաղերը կկայանան ապրիլի 17/18-ին և 24/25-ին: Եզրափակիչ հանդիպումը կացնակցվի մայիսի 19-ին Մյունխենի «Ալյանց Արենայում»: