Ամերիկացի զինվորականները վերջնական մեղադրանքներ են ներկայացրել 2011 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետ կապ ունենալու մեջ կասկածվող 5 անձանց նկատմամբ: Դատավարությունը կսկսվի մեկ ամսից Գուանտանամոյի բանտում, հաղորդում է Պենտագոնը:
Հարձակման ենթադրյալ կազմակերպիչ Հալիդ Շեյխ Մոհամեդը, և ևս 4 անձինք մեղադրվում են ահաբեկչության, ինքնաթիռի առևանգաման, դավադրության, սպանության և սեփականության ոչնչացման մեջ: Նրանց դատելու է հատուկ ռազմական հանձնաժողովը: Եթե ամբաստանյալների մեղքը ապացուցվի, նրանց մահապատիժ է սպառնում:
Նշենք, որ Մոհամեդի և մյուս անձանց նկատմամբ մեղադրանք արդեն իսկ առաջադրվել էր դեռ 2008 թվականի փետրվարին: Սակայն մեկ տարի անց Բարաք Օբաման կարգադրել էր դադարեցնել Գուանտանամոյի ռազմական դատախազության աշխատանքը և խոստացել էր փակել բանտը` գործը Նյու Յորքի դատախազություն տեղափոխելով:
Այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսը հրաժարվեց սատարել Օբամայի նախաձեռնությունը Կուբայի բանտի փակման վերաբերյալ, նախորդ տարվա մարտին նախագահը ստիպված էր թույլ տալ վերսկսել Գուանտանամոյի կալանավորների դատական վարույթները:
Մեղադրյալներն ավելի վաղ իրենց վրա էին վերցրել ԱՄՆ-ի պատմության մեջ ամենազանգվածային ահաբեկչության պատասխանատվությունը: Մասնավորապես, 2009-ի մարտին նրանք տրիբունալին փաստաթուղթ էին փոխանցել, որում նշում էին, որ հպարտ են իրենց արարքով:
Հիշեցնենք, որ 2011- սեպտեմբերի 11-ին ահաբեկիչները առևանգեցին 4 ինքնաթիռներ: Դրանցից երկուսը մխրճվեցին Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի զույգ աշտարակների մեջ, երրորդը Պենտագոնի շենքի պատը ճեղքեց, իսկ չորրորդն ընկավ Պիտսբուրգի մերձակա քաղաքի դաշտում: Հարձակման արդյունքում զոհվեցին շուրջ 3000 մարդիկ, ավելի քան 6000-ը վիրավորվել էին: