Եթե ՀՀ նախկին գյուղնախարար Սամվել Ավետիսյանը թագավոր լիներ, ապա Հայաստանը կտաներ ագրարային պետություն դարձնելու ճանապարհով: Այս մասին Ավետիսյանը հայտարարել է այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ` պատասխանելով այն հարցին, թե ինչ ինքը կաներ գյուղատնտեսության ոլորտում, եթե թագավոր լիներ:
«Ոչ թե ընտրությունից ընտրություն պետք է ծրագրեր ներկայացնել, հետո մոռանալ և հուսախաբ անել գյուղացուն, այլ պետք է հստակ գյուղատնտեսական ծրագիր ունենալ», – ասել է Ավետիսյանը` նկատելով, որ պետական աջակցությունը գյուղին շատ քիչ է:
Քննարկման մեկ այլ բանախոս «Թրանսփարենսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանը խոսել է բնապահպանական ոլորտում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների մասին` նշելով, որ մեծագույն խնդիրը ոլորտում որոշումներում հասարակության մասնակցության բացակայությունն է, դրա հետևանք են բոլոր բնապահպանական հիմնահարցերը` սկսած Թեղուտից:
Առանձին ոլորտների հիմնսհարցերի մասին առանձին խոսելու կարիք չտեսնելով` բանախոս, գրող Արմեն Օհանյանը (լուսանկարում) կարծիք է հայտնել, որ իրական լուծումը մեկն է` իշխանափոխություն:
«Ես նախընտրում եմ ունենալ ժողովրդավար ագրարային Հայաստան, քան ՏՏ հարուստ դիկտատուրական Հայաստան: Քաղաքականության մասին խոսել այն դեպքում, երբ իշխանությունը մոնոլիտ է, անիմաստ է: Մեր միակ ելքը ժողովրդավարությունն է: Ստեղծվել է պատմական պատեհություն` ցուցադրական ընտրությունները դարձնել իրական ընտրություններ: Ընտրության և քվեարկության արանքում եղած բացը պետք է լրացնել: Մի անունը կա, որը թույլ չի տալիս այս մեխանիզմը իրապես օգտագործել, դա Հանրապետական կուսակցությունն է: Մեր պրոբլեմը հենց այն է, որ միշտ մեր ընդդիմությունը եղել է մասնատված, իշխանությունը միասնական, մինչդեռ դասագրքային ճշմարտությունը հակառակն է: Սրանք ես համարում եմ ցուցակային ընտրություններ` և’ թեկնածուների, և’ ընտրողների ցուցակներով», – ասել է Արմեն Օհանյանը:
Արմեն Օհանյանը և Սոնա Այվազյանը կարևորել են քաղաքացիական հասարակության դերը ընտրություններում:
«Յուրաքանչյուր քաղաքացի իր ընտրությունը անելիս պետք է վերլուծի` վերջին 5 տարիների ընթացքում ովքեր են բնական պաշարները հոշոտել, գյուղատնտեսությունը վատ վիճակին ով է բերել, ինչ փոփոխություններ են եղել, ով է դրանց մասնակից եղել, ու հասկանան ընդդիմադիր ուժերը որոնք են», – ասել է Այվազյանը:
Լուսանկարը` Արմեն Օհանյանի Facebook-ի էջից