«Եվրատեսիլ 2012» միջազգային երգի մրցույթին ընդառաջ Ադրբեջանի մայրաքաղաքային իշխանությունները որոշել են միջոցառման անցկացման ընթացքում արգելել շրջաններից մեքենաների մուտքը Բաքու: Մրցույթի կազմակերպիչները 20.000 հյուր են սպասում:
Vesti.az կայքը` հղում կատարելով ամերիկյան WNWI ռադիոյին, գրում է, որ այս միջոցառումները պայմանավորված են Բաքվում մթնոլորտի խիստ աղտոտման հետ. «Եվրոպացի փորձագետները, ինչպես և ադրբեջանցի մասնագետները բազմիցս բարձրաձայնել են այն մասին, որ Բաքվում մթնոլորտի աղտոտման մակարդակը շատ բարձր է արտանետվող գազի պատճառով»:
Մեքենաների քանակը Բաքվում գնալով աճում է: Ադրբեջանի մայրաքաղաքում ամեն մի ընտանիքին գրեթե 2-3 մեքենա է հասնում: Այդպիսի իրադրությունից, իհարկե, ամենաշատը տառապում են քաղաքացիները, որոնք առողջական խնդիրներ ունեն:
WNWI-ը, հղում կատարելով International Research Group Business Insight ընկերության հետազոտությանը, նշում է, որ Ադրբեջանում մինչև 1 մլն մեքենա կա: