Ադրբեջանի արևմտյան Գյանջա քաղաքում զինված բախումներ են տեղի ունեցել մի քանի հանցավոր խմբավորումների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև:
Արդյունքում երկու մարդ է զոհվել (մեկը` հանցագործ խմբավորման անդամ էր, մյուսը` իրավապահ), ևս 5-ը վիրավորվել են:
Contact.az-ը խմբավորումների անդամներին «վահաբիթներ» է անվանում: Vesti.az-ը նշում է, որ խոսքը գնում է «ռադիկալ իսլամիստների մասին, որոնք Գյանջայում բնակարան էին վարձակալել և, հավանաբար, ահաբեկչական գործողությունների էին նախապատրաստում»:
Բուն «Զինված միջադեպի» մասին (ադրբեջանական ԶԼՄ-ներն այսպես են որակում տեղի ունեցածը) հակասական տեղեկություններ են հայտնվում ԶԼՄ-ներում: Որոշ աղբյուրներ պնդում են, որ մարդիկ մահացել են փոխհրաձգության հետևանքով, այլ լրատվամիջոցներ գրում են, որ Գյանջայում պայթյուն է տեղի ունեցել: Contact.az,-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ հանցավոր խմբավորման ձերբակալմանն ուղղված հատուկ գործողությունների ընթացքում «վահաբիթներից մեկը պայթեցրել է իրեն և իրավապահ մարմինների ներկայացուցիչներին»: Պարբերականը նշում է, որ իրավապահ մարմինների վնասվածքները նույնպես պայթյունի հետևանք է:
Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հաստատել է, որ Գյանջայում հատուկ գործողություններ են իրականացվել: Շուտով գերատեսչությունը պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա: