Home / Հայաստան / Տարօրինակ լուր. Ռուսաստանը սկսել է Հայաստանում ՌՏԿ-ի կառուցումը

Տարօրինակ լուր. Ռուսաստանը սկսել է Հայաստանում ՌՏԿ-ի կառուցումը

Ապրիլի 6-ին KM.ru կայքը, հղում կատարելով NNK-ին, որի հետքը համացանցում չի հայտնաբերվել, հայտնել էր, որ Ռուսաստանը սկսել է Հայաստանի տարածքում ռադիոտեղորոշիչ կայանի կառուցման աշխատանքները: Կայքը փոխանցել է Alte Et Certe (Մոսկվա) վերլուծական կենտրոնի ղեկավար Անդեյ Եպիֆանցևի խոսքերն այն մասին, թե ռուսական ՌՏԿ-ն ունենալու է նույն գործառույթը, որն իրականացնում է ադրբեջանական Գաբալայում տեղակայված ռադիոտեղորոշիչ կայանը:

Ավելի վաղ «Ռուսաստանն արդեն Հայաստանում կառուցում է Գաբալայի…» վերնագրով հոդված էր հրապարակել նաև «Ռեգնում» գործակալությունը, սակայն այսօր նյութը կայքում հասանելի չէ: Հոդվածի «հետքը» մնացել է միայն Yandex-ի որոնողական համակարգում, որն այդ լուրը զետեղել է Հայաստանի մասին լուրերի` տվյալ սյուժեով հոդվածների հնգյակում (լուսանկարում):

Հայաստանում այդ լուրը ոչ ոք չի հաստատել:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Կոմերսանտ»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է իր տարածքը տրամադրել ռուսաստանյան ռադիոտեղորոշիչ կայանի կառուցման համար, եթե Մոսկվան ու Բաքուն համաձայնություն չգան Գաբալայի ռադարի հարցում:

«Եթե մեր տարածքը նման հետաքրքրություն է ներկայացնում, մենք պատրաստ ենք քննարկել այդ հարցը»,- ասել էր վարչապետը:

Նրա խոսքով` նման կայանի գործունեության շառավիղը կարող է անգամ ավելի մեծ լինել, քան Գաբալայի ռադիոլոկացիոն կայանինը: «Այստեղ անգամ կարող են առավելություններ լինել, քանի որ Հայաստանը լեռնային երկիր է: Ծածկույթն ավելի մեծ կարող է լինել»,- պարզաբանել էր Սարգսյանը: