Home / Հայաստան / Օմբուդսմենն արդար ընտրություններ է սպասում Հ1-ից, ոստիկանապետից, դատախազից

Օմբուդսմենն արդար ընտրություններ է սպասում Հ1-ից, ոստիկանապետից, դատախազից

Եթե նախորդ ընտրություններում ընտրախախտումներ գրանցվում էին հենց ընտրությունների օրը, ապա հիմա ընտրախախտումներ լինելու են մինչ քվեարկության օրը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կանխատեսում է արել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Նա խորհուրդ է տվել խախտումների մասին բազա հավաքել և պայքարել ոչ միայն փողոցում, այլև  իրավական դաշտում, թեև, ըստ նրա, դատական համակարգն էլ վստահելի վիճակում չի գտնվում:

Լրատվամիջոցների ազատությունը գնահատելով` Անդրեասյանն ասել, որ ինտերնետային,  տպագիր ԶԼՄ-ների դեպքում ազատության առումով առաջ ենք` համեմատած նախորդ ընտրությունների ժամանակի հետ, սակայն փաստել է, որ հեռուստատեսությամբ հավասարակշռությունը չի պահպանվում:

«Արդար ընտրություններ սպասում եմ ոստիկանապետից, դատախազից, կենտրոնական ընտրական հանձնաժողովից,  Հանրային հեռուստատեսությունից: Ես առիթ չունեմ հանդիպելու Սերժ Սարգսյանի հետ: Փորձելու եմ հանդիպումներ ունենալ բոլոր ընտրական շտաբերի հետ: Փորձելու ենք մեկնաբանել օրենքը, ոչ թե քաղաքական վիճաբանությունների մեջ մտնել»,-  իր  ակնկալիքների ու անելիքների մասին ասել է Կարեն Անդրեասյանը:

Ապրիլի 9-ից ՄԻՊ գրասենյակը կունենա 20 արագ արձագանքման մեքենա, 100 իրավաբանների խումբ, գործարկելու է 116  թեժ գիծը, գրասենյակներ են բացել մի շարք այլ մարզային կենտրոններում: