Դու արթնանում ես առավոտյան ու չգիտես, թե ինչ անել: Կյանքը դարձել է մեխանիկական և անտեսանելի: Դու կորցրել ես քո իդեալները: Համընդհանուր գոհունակություն առաջացնող արարքներ գործելն այնքան անիմաստ է, որքան չգործելը: Ամեն ինչ անասանելի վատ է և անհարմարավետ, իսկ քո զուգընկերն այնքան անշնորհք, որ չես կարողանում օրգազմ ապրել: Բնությունը չի ենթարկվում քեզ, դու ծերանում ես: Դու հայտնվել ես խելահեղ փոթորիկի մեջ և չգիտես` ինչպես վրեժ լուծել. Դառնալ ահաբեկի՞չ, թե՞ ինքնասպան լինել…
Սա հատված է 2011 թվականի հունվարին ավտովթարից զոհված արվեստագետ Դավիթ Կարեյանի «Կրիզիս» ցուցահանդեսին նվիրված տեքստից, որը կայացել է 1999 թվականին:
2012-ի ապրիլի 10-ից 28-ը Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) անցկացվելիք «Կրիզիս 2» արվեստի այլընտրանքային փառատոնի համադրող Գոռ Ենգոյանն անդրադարձ է անում Կարեյանի տեքստին, ով 1999 թվականի համադրողն էր` նշելով, որ ներկայումս Հայաստանում ստեղծված սոցիալական և քաղաքական վիճակը նման է այն դրությանը, որն առկա էր 1999-ին: Համադրողն առաջ է քաշում քաղաքական արվեստի գաղափարը, քանի որ, ըստ Ենգոյանի, քաղաքական, տնտեսական, սոցիալական գործընթացները ուղիղ ազդեցություն ունեն մշակութային դաշտի վրա, առավել ևս այն հատվածի, որն իրեն համարում է դրա մի մասնիկ կամ գործող օրգան:
«Քաղաքական խնդիրներ շոշափող արվեստը շատ դեպքերում կորցնում է սահմանը, երբ չես հասկանում` որտեղ է սկսվում արվեստը և վերջանում քաղաքականությունը», – ասում է Ենգոյանը:
Պատահական չէ, որ, բացի արվեստագետներից, փառատոնին մասնակցում են, օրինակ, լրագրողներ, որոնց համար քաղաքականությունն ամենօրյա աշխատանքի մաս է կազմում: Մասնավորապես, փառատոնին ներկայացվելու են լրագրող Անի Գևորգյանի լուսանկարները. լրագրող Յուրի Մանվելյանը` արվեստագետներ Արման Գրիգորյանի և Տիգրան Խաչատրյանի հետ, ներկայացնում է DVD հեղափոխություն արվեստագետների խմբի մանիֆեստը և հանդես է գալու երկու բանախոսությամբ` «Թշնամու կերպարի սեմիոտիկան լրագրության մեջ» և «Մեդիա տնտեսություն/գրաքննություն»:
Փառատոնին ներկայացվելու է 4 ցուցահանդես:
«Կրիզիս 2» ցուցահանդեսում ընդգրկվելու են Անի Գևորգյանի, Գոռ Մկրտչյանի, DVD հեղափոխություն արվեստագետների խմբի, Սոնա Աբգարյանի, Հայկ Պարոնյանի, Դմիտրի Սարկիսովի, Գարիկ Ենգիբարյանի, Կարեն Օհանյանի և «Արտ լաբորատորիա» խմբի աշխատանքները:
«Ճգնաժամի հիմնը» Սոնա Աբգարյանի և Սվետլանա Անտոնյանի ցուցահանդեսն է: Վերջինիս լուսանկարները համակցվում են Սոնա Աբգարյանի տեքստի հետ.
բարձրախոսը պայթում է` քանդելով ֆորմաները:
ես պայքարող պոետ եմ,
և իմ ջղայնությունը նվեր է,
ես զբոսնելու եմ ինչպես շունը,
և իմ պատմությունը լինելու է անվախ:
ծնվել է հիասթափված մարդը,
բայց նա չի կոտրվում և չի կոտրվի երբեք…
Եվս մեկ ցուցահանդեսում ներկայացված է «Տարիքային կրիզիս» նախագիծը, որը փորձ է վերհանելու երիտասարդ արվեստագետներին հուզող այն խնդիրները, որոնք արտահայտվում են «անձ-ծնող-ընտանիք-հասարակություն-աշխարհ» փոխհարաբերություններում: Նախագծի համադրողներն են Արման Ղարիբյանն ու Շահանե Խաչիկյանը:
Չորրորդ ցուցահանդեսի հեղինակներն են համադրող Տիգրան Առաքելյանը և արվեստագետ Նարե Հովհաննիսյանը: Ըստ հեղինակների` «Կրիզիսից դուրս» կոչվող աշխատանքը չիրականացված գործի նախապատրաստական նյութերի ցուցադրում է որպես կրիզիսի փաստարկ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՆՓԱԿ-ի համահիմնադիր Էդուարդ Պալասանյանը նշել է, որ ամենակարևորներից է, եթե ոչ ամենակարևորը ՆՓԱԿ-ի համար, և, բացի արդեն աշխարհում մեծ հռչակ վայելող արվեստագետներից, փառատոնին մասնակցելու են նաև երիտասարդ արվեստագետները, ինչը ՆՓԱԿ-ի համար միշտ էլ առաջնային նպատակներից մեկն է եղել: Պալասանյանը հիշեցրել է, որ այսօր հայտնի արվեստագետներից շատերը «ատամները սրել են» հենց ՆՓԱԿ-ում:
Գոռ Ենգոյանը, իր հերթին, հիշեցրեց, որ «Կրիզիս 2»-ի 3 մասնակիցներ` Սոնա Աբգարյանը, Արման Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը, աշխատանքներ են ներկայացրել 13 տարի առաջ անցկացված «Կրիզիս» ցուցահանդեսում: