Google Trends ծառայությունը պարզել է, որ Հայաստանն առաջին տեղն է զբաղեցնում որոնողական համակարգում պոռնո բառը փնտրելու հաճախականությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:
Google Trends-ի վերլուծությունը վերաբերում է 2004թ-ից ի վեր ընկած ժամանակահատվածին. արդյունքում` երկրների դասակարգման 100 բալանոց համակարգում Հայաստանին տրվել է 100 միավոր: Հայաստանին հաջորդում է Թուրքիան (90), Պերուն (85), Ռումինիան (76), Կոնգոն (74): Վրաստանը` 59 միավորով գտնվում է 14-րդ տեղում, Ադրբեջանը` 57 բալով, 16-րդ տեղում:
Ըստ հոգեբան Խաչատուր Գասպարյանի` այս զավեշտալի թվացող ցուցանիշի պատճառն այն է, որ հայ ընտանիքը շարունակում է փակ համակարգ մնալ, մենք պահպանում ենք կարմիր խնձորի ավանդույթը, և, սեռական օրգաններից խոսելով, օգտագործում ենք «ժողգործիքներ» և այլ պայմանական, իբր, հումորով ասվող բառեր:
«Ժամանակն է կեղծ բարեպաշտական վարագույրը բարձրարցնենք, արագիլի և կաղամբի մասին պատմվածքները մի կողմ թողնենք: Իրականությունը երեխան կարող է իմանալ ընկերներից, կորցնել վստահությունը ծնողների հանդեպ, կամ տեղեկանալ ինտերնետից»,- ասել է սեքսապաթոլոգը:
Վրեժ Շահրամանյանն անդրադարձել է նաև մարմնավաճառների միավորման` աղմուկ բարձրացրած կայքին: Սեքսապաթոլոգը ասել է, որ գրանցված 400 աղջիկներից 300-ի մոտ հայտնաբերվել է սեռավարակ: Ըստ նրա` խնդիրը հենց կայքը չէ, այլ այն, որ նույնիսկ եթե մարդը որոշում է դիմել կոմերցիոն սեքսի, պետք է ունենա իրազեկման հնարավորություն: