Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը ապրիլի 12-ին, ժամը 15:00-ին հրավիրում է մասնակցել Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի: Այն անցկացվում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ դեսպանատների աջակցությամբ:
«Մարդասիրական գաղափարների այլասերման և բանականության ոչնչացման գնով ծավալված քարոզչության պայմաններում` Հայաստանում «Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի փառատոնը ուղիղ, չմիջնորդավորված շփման տարածք է: Այն եզակի հնարավորություն է ադրբեջանական ժամանակակից կինոարտադրության լավագույն նմուշներին ծանոթանալու համար», – նշում են փառատոնի կազմակերպիչները:
Ադրբեջանում նկարահանված 4 կարճամետրաժ ֆիլմեր (մեկ վավերագրական, երեք գեղարվեստական) հայերեն թարգմանությամբ ցուցադրվելու են Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում, որը տեղակայված է Պուրշիկի 96 հասցեում: Ֆիլմերի դիտումից հետո քվեարկության արդյունքում կորոշվի փառատոնի մրցանակակիրը «Հանդիսատեսի համակրանք» միակ անվանակարգում:
Փառատոնի կազմակերպիչները փառատոնին մասնակցել ցանկացողների համար ապահովում են տրանսպորտ Երևան-Գյումրի-Երևան երթուղով:
Հիշեցնենք, որ Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնը պետք է անցկացվեր դեռևս 2010 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, սակայն այն անընդհատ հետաձգվել է, քանի որ կազմակերպիչներին հրաժարվել են տարածք տրամադրել: Ինչպես այն ժամանակ հայտարարում էր փառատոնի կազմակերպիչ, իրավապաշտպան Գեորգի Վանյանն այն տարածքների սեփականատերերի վրա, որոնց հետ ինքը պայմանավորվում էին վարձակալության համար, ճնշում էր գործադրվում: Վանյանի խոսքով` այդ օրերին իրեն սպառնում էին ֆիզիկական ոչնչացմամբ:
Չկարողանալով տարածք ստանալ` Գեորգի Վանյանը ցանկացողներին տրամադրում էր ֆիլմերի կրկնօրինակները: