Ադրբեջանի մշակույթի և տուրիզմի նախարարությունը հավանություն չի տալիս ապրիլի 12-ին Գյումրիում անցկացվելիք «Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի» գաղափարին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է նախարարության կինոմատոգրաֆիայի բաժնի վարիչ Յուսիֆ Շեյխովը:
«Չեմ հասկանում, ինչպես են հայերը ձեռք բերելու այդ ֆիլմերը: Դրանք մեր «Պետֆիլմֆոնդում» են պահվում, և առանց պետության թույլտվության, ոչ մի ֆիլմ չի կարող դուրս բերվել այնտեղից»,-նշել է պաշտոնյան:
«Հայաստանի օկուպացիոն քաղաքականության պատճառով Ադրբեջանի մշակույթի և տուրիզմի նախարարությունը այդ պետության հետ պետական մակարդակում չի մասնակցում ոչ մի համատեղ ակցիաների և չի պատրաստվում հետագայում էլ նման քայլ կատարել: Ինչ վերաբերում է հասարակական կազմակերպություններին, թող դա մնա ուրիշների խղճին», – ասել է Շեյխովը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ադրեբջանական ֆիլմերի փառատոնը նախաձեռնել է Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը:
Ադրբեջանում նկարահանված 4 կարճամետրաժ ֆիլմեր (մեկ վավերագրական, երեք գեղարվեստական) հայերեն թարգմանությամբ ցուցադրվելու են ապրիլի 12-ին, ժամը 15:00-ին Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում, որը տեղակայված է Պուրշիկի 96 հասցեում: Ֆիլմերի դիտումից հետո քվեարկության արդյունքում կորոշվի փառատոնի մրցանակակիրը «Հանդիսատեսի համակրանք» միակ անվանակարգում:
Փառատոնի կազմակերպիչները փառատոնին մասնակցել ցանկացողների համար ապահովում են տրանսպորտ Երևան-Գյումրի-Երևան երթուղով:
Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնը պետք է անցկացվեր դեռևս 2010 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, սակայն այն անընդհատ հետաձգվել է, քանի որ կազմակերպիչներին հրաժարվել են տարածք տրամադրել: Ինչպես այն ժամանակ հայտարարում էր փառատոնի կազմակերպիչ, իրավապաշտպան Գեորգի Վանյանն այն տարածքների սեփականատերերի վրա, որոնց հետ ինքը պայմանավորվում էին վարձակալության համար, ճնշում էր գործադրվում: Վանյանի խոսքով` այդ օրերին իրեն սպառնում էին ֆիզիկական ոչնչացմամբ:
Չկարողանալով տարածք ստանալ` Գեորգի Վանյանը ցանկացողներին տրամադրում էր ֆիլմերի կրկնօրինակները: