Կանանց ռեսուրսային կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանը Epress.am-ի հետ զրույցում բացատրել է, թե ինչու է դեմ Հայաստանում մարմնավաճառության օրինականացմանը:
Ըստ Ահարոնյանի` մարմնավաճառության օրնականացման նպատակն այն է, որ պետությունը, հարկեր վերցնելով, տնտեսական շահ ունենա, բայց իրականում դրանով մարմանվաճառների իրավունքների պաշտպանությանը օգուտ չի բերվի:
«Օրինականացման դեպքում բոլոր մարմնավաճռները պետք է գրանցվեն անուն ազգանուներով և հասանելի լինեն բոլորի համար, ինչը ավելի կուժեղացնի հասարակության մեջ հայտնի ստիգման: Երկրորդ` քանի որ մարմնավաճառությունը կանանց մարմնի չարաշահում է, հարկ պահանջելով` պետությունը հարստանում է կնոջ մարմնին վնաս պատճառելով: Երրորդ` շատ երկրներում, օրինակ, Նիդերլանդներում, մարմնավարճառության լեգիտիմացումը մարմնավաճառ կանանց չի փրկել», – ասել է Ահարոնյանը:
Նա կարծիք է հայտնել, որ, այնուամենայնիվ, նման օրինագիծ առաջարկելուց առաջ հարկ է քննարկումներ անցկացնել, դրանց հրավիրել նաև մարմնավաճառ կանանց և նրանց կարծիքը իմանալ, քանի որ օրենքը անմիջապես նրանց է վերաբերվում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում այլ տեսակետ էր հայտնել իրավապաշտպան Միքայել Դանիելյանը: Նա ասել էր, որ մարմնավաճառության օրինականացմամբ` մարմանավաճառների իրավունքներն ավելի պաշտպանված կլինեն, նրանք կարող են ստեղծել արհմիություններ, ավելի բարձարկարգ ու անվտանգ ծառայություններ մատուցել: Ըստ Դանիելյանի` մարմնավաճառներին հարկային դաշտ բերելը կնվազեցնի նաև կոռուպցիոն ռիսկերը: