Home / Տեսանյութեր / Պատգամավորի թեկնածուն «խիստ մերժելի» է համարում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությունը Գյումրիում

Պատգամավորի թեկնածուն «խիստ մերժելի» է համարում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությունը Գյումրիում

Թիվ 34-րդ ընտրատարածքում (Գյումրի) առաջադրված ԱԺ պատգամավորության թեկնածու, գործարար Արման Սահակյանը (լուսանկարում), ում սատարում է Հանրապետական կուսակցությունը, Հայաստանի` մեծությամբ երկրորդ քաղաքում «Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի» անցկացման դեմ բողոքի ակցիա է կազմակերպում:

Գործարարին պատկանող tert.am կայքն այս առնչությամբ, մասնավորապես, գրում է.

«Հարկ է նշել, որ նման փառատոն Երևանում անցկացնելու նախորդ տարվա (ֆիլմերի ցուցադրությունը պետք է կայանար 2010 թվականի աշնանը-Epress.am) փորձը տապալվեց քաղաքացիական հասարակության ակտիվության շնորհիվ:

Հաշվի առնելով, որ միջոցառման կազմակերպելու գաղափարը ընդհանուր առմամբ խիստ մերժելի և դատապարտելի է, ԱԺ պատգամավորության թեկնածու Արման Սահակյանի գրասենյակից հայտնում են, որ ապրիլի 11-ին ժամը 12:00-ին Գյումրու «Վարդանանց» հրապարակում կանցկացվի բողոքի ակցիա:

Արման Սահակյանն ու իր կողմնակիցները կոչ են անում բոլոր հասարակա-քաղաքական կազմակերպություններին, քաղաքացիներին միանալու բողոքի ակցիային և «ՈՉ» ասելու ադրբեջանական ֆիլմերի փառատոնին»:

Հիշեցնենք, որ Հայաստանում նախընտրական քարոզարշավը սկսվել է ապրիլի 8-ին:

Արման Սահակյանին են պատկանում նար «Շիրակ» ֆուտբոլային ակումբը, Armsport.am կայքը, «12» հեռուստաալիքը, «Պրես-ստենդ» ընկերությունը, որը կրպակներ ունի ողջ Հայաստանում և տարածում է տպագիր պարբերականներ, «Սովրանո» ընկերությունը, որը զբաղվում է ապրանքների ներկրմամբ:

Հիշեցնենք, որ ադրբեջանական ֆիլմերի փառատոնը Հայաստանում պետք է անցկացվեր 2010 թվականին: Վարձակալված տարածքների սեփականատերերը հերթով հրաժարվում էին տարածք տրամադրել միջոցառման կազմակերպիչներին: Հետապնդումների թիրախ այդ ժամանակ դարձավ իրավապաշտպան, Կովկասյան խաղաղարար նախաձեռնությունների ինստիտուտի ղեկավար Գեորգի Վանյանը, ում էլ պատկանում էր միջոցառման անցկացման նախաձեռնությունը: Ինչպես և հիմա, նրան հեռուստաալիքներով, և այլ ԶԼՄ-ներով մեղադրում են «ադրբեջանական քարոզչության» , «ազգադավության», «գրանտակերության» մեջ:

Գյումրիում երեք օրից կցուցադրեն հայերեն թարգմանված 4 կարճամետրաժ ֆիլմեր (մեկը`փաստագրական, երեքը` գեղարվեստական), որոնք նկարահանվել են Ադրբեջանում 2007-2008 թվականներին: Ադրբեջանում նկարահանված 4 կարճամետրաժ ֆիլմեր (մեկ վավերագրական, երեք գեղարվեստական) հայերեն թարգմանությամբ ցուցադրվելու են Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում: Ֆիլմերի դիտումից հետո քվեարկության արդյունքում կորոշվի փառատոնի մրցանակակիրը «Հանդիսատեսի համակրանք» միակ անվանակարգում:

«Մարդասիրական գաղափարների այլասերման և բանականության ոչնչացման գնով ծավալված քարոզչության պայմաններում` Հայաստանում «Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի փառատոնը ուղիղ, չմիջնորդավորված շփման տարածք է: Այն եզակի հնարավորություն է ադրբեջանական ժամանակակից կինոարտադրության լավագույն նմուշներին ծանոթանալու համար», – նշում են փառատոնի կազմակերպիչները:

Լուսանկարը` tert.am