Ռուսաստանի Տուլա շրջանի բնակիչ Գեղամ Սարգսյանը, ում հաջողվել էր միայնակ դիմադրել իր տուն ներխուժած և ընտանիքի վրա հարձակում գործած հանցագործներին, պատմել է ապրիլի 7-ին տեղի ունեցած ողբերգական դեպքերի մանրամասները: Սարգսյանի խոսքով` իրեն հաջողվել է 4 «համբալների հախից գալ» ընտանիքին սպառնացող վտանգի վախի շնորհիվ, որն առաջացել է այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ հանցագործները միայն կողոպտելու համար չեն եկել: Սարգսյանի ընտանիքը շատ լավ հիշում է այդ օրը տեղի ունեցած դեպքերի մանրամասները և մինչ այժմ վախենում է հանցագործների վրեժից:
Իսկ գլխավոր հարցը դեռևս առանց պատասխան են մնում. արդյո՞ք Սարգսյանը ստիպված կլինի պատասխան տալ օրենքի առջև երեք հանցագործների սպանության համար, և ինչու են նրանք հարձակվել սովորական աշխատողի տան վրա:
«Իմ տուն ներխուժեցին մի քանի անձինք և հենց մուտքից սկսեցին ինձ ծեծել: Չէի հասկանում, թե ինչ է կատարվում, նրանք ոչ մի պահանջ չէին ներկայացնում: Այնուհետև սկսեցին փող պահանջել: Մենք նրանց տվեցինք ամեն ինչ, ինչ ունեինք` փող, ոսկի, սակայն ծեծը չէր դադարում: Այդ մարդիկ ոչ ոքի չխնայեցին»,-պատմել է Սարգսյանը:
Հանցագործները չեն խնայել ոչ կանանց` կնոջը, դստերը, և Սարգսյանի մորը, ոչ մանկահասակ երեխաներին: Ծեծել են բոլորին, իսկ Սարգսյանի 7 ամսեկան թոռան քունքին ատրճանակ են պահել և սպառնացել սպանել: Ըստ ամենայնի, հանցագործները պատրաստ էին այդ քայլին:
«Կողոպտիչը վրացերենով բղավում էր. «Երեխայի վերջը տուր, այրի տունը»,-պատմել է Սարգսյանը:
«Սարսափելի էր: Վրացերենով նրանցից մեկն ասաց` կանանց վերջը տալու ժամանակն է …» (Սարգսյանը որոշ ժամանակ ապրել է Վրաստանում և հասկանում էր հանցագործների լեզուն): Ես հասկացա, որ ինձանից բացի իմ ընտանիքին ոչ ոք չի կարողանա փրկել: Ինքս չգիտեմ` որտեղից հայտնվեցին ուժեր: Հանցագործներն ինձանից խոշոր և ուժեղ էին: Զենքի տիրապետման հատուկ պատրաստում չեմ անցել… Ես փրկում էի իմ ընտանիքին, փոքր երեխաներիս: Ես ոչ մի բանի համար չեմ զղջում»,- պատմել է Սարգսյանը, ով ներկայումս հիվանդանոցում է` ոստիկանության վերահսկողության ներքո:
Գեղամի կինը` Բելլան, պատմել է, որ ամուսինը ոտքի է կանգնել, երբ կողոպտիչները սկսել են խեղդել իր դստերը` Մարինային, այդ ժամանակ կինը կոտրել է պատուհանը և սկսել օգնություն կանչել, հանցագործները երեխային թողել և նրա վրա են հարձակվել:
«Չգիտեմ` Գեղամի մոտ որտեղից ուժեր հայտնվեցին: Երևի Աստված ծայրահեղ պահերին անհավանական ուժեր է տալիս: Գեղամը գետնից բարձրացավ, մի կողմ շպրտեց հանցագործին և նետվեց խոհանոց:
Մեզ փրկեց այն, որ խոհանոցում լույսն անջատված էր: Սա Գեղամի տունն է, նա շատ լավ կողմնորոշվում է: Նրա հետևից հասած հանցագործը սայթաքեց և ընկավ: Իսկ արդեն խոհանոցից նա վերադարձավ դանակով»,-պատմել է Բելլան:
Օկտյաբրսկի բնակիչները վստահ են, որ իրենց հարևանը պարգևատրման է արժանի: Մարդիկ հավաքվում են նրա տան մոտ և վանկարկում. «Չենք թույլ տա նստեցնել Գեղամին: Ինքնապաշտպանության գերազանցում չի եղել: Հանցագործները եկել էին սպանելու, նա իր ընտանիքն էր պաշտպանում»:
Գյուղ են եկել նաև հայկական սփյուռքի ներկայացուցիչները, ովքեր պատրաստվում են Գեղամի համար լավագույն փաստաբանին վարձել, որպեսզի նա ճաղերի հետևում չհայտնվի: