Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի այն հայտարարությունը, որի համաձայն իր և ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի (լուսանկարում` կենտրոնում) հակամարտությունը պայմանավորված է ռեկտորի քաղաքական խնդիրներով (Սուրեն Զոլյանը միակ ռեկտորն է, ով ՀՀԿ-ի շարքերում ընդգրկված չէ), խիստ արհեստական է: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Աշոտյանը:
Ըստ նրա` Զոլյանը քաղաքական զոհի կերպար է ստեղծում, իսկ իրականությունն այն է, որ ռեկտորը գերազանցել է իր լիազորությունները: Այդ փաստը Աշոտյանը խորհուրդ է տալիս պարզել դատարանում, իսկ մնացյալը, ըստ նախարարի, անձնական, քաղաքական, լրատվական շահարկումներ են:
«Երեք տարվա իմ աշխատանքի մեջ ես որևէ հակաիրավական հրաման չեմ տվել: Բոլորը պետք է իմանան, որ ոչ մեկն արտոնյալ չէ, որևէ մեկին թույլ չի տրված կրթության ոլորտում պետական քաղաքականությունն աղավաղել», – ասել է ԿԳ նախարարը:
Աշոտյանը նշել է նաև, որ բազում բողոքներ է ստացել ԵՊԼՀ ուսանողներից, դասախոսներից, ովքեր ստիպված լքում են աշխատանքը, և հենց այդ բողոքների հիման վրա էլ ԿԳՆ-ն ստուգումներ է սկսել բուհում:
Աշոտյանի խոսքով` այսօր համալսարանը բացատրություններ է ներկայացրել նախարարությանը, որոնք ուսումնասիրելուց հետո ԿԳՆ-ն վերջնական ակտ կհրապարակի:
«Եթե ինչ-որ մեկի համար սա կյանքի ու մահվան հարց է, ապա մեզ համար սովորական գործընթաց է: Յուրաքանչյուր բուհում պետք է նման վերահսկողություն իրականացվի», – ասել է Աշոտյանը:
Հիշեցնենք, որ երեկ ԿԳՆ կայքը հայտնել էր, որ Աշոտյանի հրամանով Զոլյանի նկատմամբ կիրառվել էր կարգապահական տույժ:
Տույժը տրվել է այն բանի համար, որ ռեկտորն առանց թույլտվության բացակայել է Հայաստանից մարտի 19-ից 23-ը։
«Առհասարակ, ես ղեկավարվում եմ մի սկզբունքով. նախարարի մասին կամ լավ, կամ ոչինչ՝ հատկապես այն դեպքում, երբ նախարարը ոչնչություն է: Իսկ ինչքանով է դա կարող վերաբերվել գործող նախարարին, այդ մասին թույլ տվեք չմանրամասնել», – «Առավոտ» օրաթերթի խնդրանքով մեկնաբանելով նախարարի որոշումը` հայտարարել էր Զոլյանը:
Վերջինիս խոսքով` Աշոտյանը գերազանցել է իր լիազորությունները, քանի որ ինքն այդ օրերին մասնակցել է Տարածաշրջանային լեզուների Եվրոպական խարտիայի փորձագետների նիստին, որի աշխատանքին կառավարոթյան անդամները չեն կարող միջամտել: Ռեկտորի խոսքով` նույն հաջողությամբ Աշոտյանն իրեն կարող էր «գլխատել կամ լուսին ուղարկել»: