Ֆրանսիայում փարանջա կրելու արգելքին օրենքի ուժ հաղորդելուց հետո` մեկ տարվա ընթացքում տուգանվել են շուրջ 300 կանայք, հաղորդում է Agence France-Presse-ը: Ֆրանսիայի հասարակական վայրերում գլխաշորով հայտնվելու արգելքի մասին օրենքը ուժի մեջ մտավ 2011-ի ապրիլի 11-ին: Այս օրենքի խախտման համար 150 եվրո տուգանք է հասնում: Մեկ տարվա ընթացքում այստեղ 354 ստուգումներ են եղել, որոնցից 299 դեպքում տուգանք է դրվել: Ի դեպ, օրենքն ընդունելիս խորհրդարանականները հաշվում էին երկրում փարանջա կրող կանանց թիվը, որը, ըստ նրանց, 2000 էր: Հունվարին Ֆրանսիայի ՆԳ նախարար Կլոդ Ժեանը հայտարարել է, որ օրենքի ընդունումից հետո դեմքը ծածկող կանանց թիվը երկու անգամ կրճատվել է:
Միաժամանակ, «Ձեռքերդ քաշիր իմ սահմանադրությունից» ասոցիացիայի ներկայացուցիչն այլ տվյալներ է բերել: Նրանց հաշվարկներով` մեկ տարում հարցաքննվել և տուգանվել են 367 կանայք: Նրա խոսքով` կանայք ստիպված են եղել ոստիկանական բաժնում մեկուկեսից երեք ժամ անցկացնել:
Բացի դա, ձերբակալվածների երկու երրորդը չամուսնացած կանայք կամ այրիներ են եղել: Սա խոսում է այն մասին, որ մահմեդական կանայք կրում են փարանջա ոչ տղամարդու ճնշման պատճառով: Կանանց փարանջա կրել պարտադրող տղամարդկանց համար 20,000 եվրոյի չափով տուգանք է նախատեսված:
Ֆրանսիայում այս օրենքի նախաձեռնողներից մեկը նախագահ Նիկոլա Սարկոզին էր: Նրա կողմնակիցները հայտարարում էին, որ օրենքն անհրաժեշտ է կանանց իրավունքների պաշտպանության համար: