«Վերջին օրերին տարբեր անձանց և ԶԼՄ-ների կողմից փորձ է արվում շահարկել և քաղաքական երանգներ տալ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ ինձ իմ պարտականությունները պատշաճ չկատարելու համար խիստ նկատողություն հայտարարելու բազմաթիվ իրավական խախտումներով հրամանի շուրջ ստեղծված իրավիճակը», – ասված է Վ.Բրյուսովի անվան ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանի տարածած հայտարարության մեջ:
Ըստ ռեկտորի` դա, հնարավոր է, արվում է հատուկ նպատակով՝ շեղելու ուշադրությունը հրամանի բովանդակության անիրավաչափությունից և խնդիրը իրավական դաշտից տեղափոխելու համար:
«Այս առումով ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նախարարի ապօրինի հրամանի արդյունքում ստեղծված իրավիճակը զուտ աշխատանքային բնույթ է կրում և չի կարող կապված լինել որևիցե քաղաքական գործընթացի կամ ուժի հետ:
Ես շատ լավ գործնական հարաբերություններ ունեմ ընտրապայքարում մասնակցող համարյա թե բոլոր հիմնական քաղաքական ուժերի հետ: Հնարավոր շահարկումներին վերջ դնելու համար ցանկանում եմ շեշտել իմ խորին հարգանքը ՀՀ Հանրապետական կուսակցությանը, որի շարքերում ունեմ բազմաթիվ ընկերներ, և հատկապես ցուցակը գլխավորող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդեպ, ում վստահված անձն եմ եղել նախագահական ընտրությունների ժամանակ:
ՀՀ ԿԳ նախարարի հրամանի օրինականությունը վիճարկելու նպատակով դիմել եմ ՀՀ վարչապետին և դատական մարմիններին, ուստի զերծ եմ մնալու այս առնչությամբ հավելյալ մեկնաբանություններից: Նույնը ակնկալում եմ նաև պատասխանող կողմից գոնե մինչև ընտրությունների ավարտը:
Միաժամանակ ողջունում եմ պարոն Աշոտյանի պատրաստակամությունը՝ ներկայանալ դատարան և այնտեղ փորձել «ապացուցելու, որ կրթության նախարարության կողմից տարվող քաղաքականությունը ՀՀ օրենսդրության խստագույն պահպանության շրջանակներում է»։
Իմ երկրորդ առաջարկը բխում է պարոն Աշոտյանի կողմից հնչեցրած այն մտքից, թե իբրև ես փորձում եմ «սեփական՝ իրավական առումով ապիկարությունը քողարկել անձնական վիրավորանքով»: Առաջարկում եմ նախօրոք պայմանավորվել, որ եթե դատաքննության ընթացքում պարզվի՝ մեզանից ով է «իրավական առումով ապիկարը», ապա «այդ ապիկարը» պարտավորվում է այլևս չզբաղեցնել ղեկավար կամ ներկայացուցչական պաշտոն: Ես պարտավորվելու եմ վերադառնալ դասախոսական և գիտական գործունեությանը՝ ակնկալիքով, որ պարոն Աշոտյանը վերջապես կզբաղվի բժշկական գործունեությամբ», – ասված է հայտարարության հետ:
Լուսանկարը` brusov.am կայքից