Դնեպրոպետրովսկի երկու բնակիչներ կամավոր-պարտադիր սկզբունքով հրապարակային պատիժ են կրել Եվրո-2012 ֆուտբոլային մրցաշարի առթիվ տեղի «Պասաժ» առևտրի կենտրոնի առջև տեղադրված խորհրդանշական գնդակը կոտրելու համար:
Երիտասարդները շուրջ մեկ օր կանգնել են կոտրված սպորտային միջոցառման խորհրդանիշի առջև` պարանոցներից կախելով պաստառներ հետևյալ գրառումով. «Ես լրիվ ապուշ եմ, կոտրել եմ Եվրո-2012»-ի գնդակը»:
«Սեգոդնյա» պարբերականի փոխանցմամբ` հրապարակային ինքնախարազանման ակտը տղաները կատարել են առևտրի կենտրոնի պահակների պահանջով:
Նախորդ ուրբաթ այս երկու երիտասարդները խիստ հարբած վիճակում մի քանի անգամ հարվածել են գնդակին, որը ճաքեր է տվել: Պահակները բռնել են նրանց, և ստիպել 16,000 եվրոյի չափով տուգանք վճարել: Քանի որ նրանք այդքան գումար չունեին, նրանց առաջարկել են պատիժը կրել կոտրված գնդակի մոտ` խայտառակող պաստառով: