Արձագանքելով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, որ ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը փորձում է «սեփական՝ իրավական առումով ապիկարությունը քողարկել անձնական վիրավորանքով», և ուսումնասիրելով ՀՀ ԿԳՆ-ի և ԵՊԼՀ-ի կայքերում զետեղված` Զոլյանին կարգապահական տույժի ենթարկելու մասին հրամանը՝ մի խումբ իրավաբաններ հանձն են առել իրականացնել հրամանի փորձաքննությունը:
Ըստ ԵՊԼՀ տարածած հայտարարության` փորձաքննության նպատակն էր ճշգրտել՝ որքանով է իրականությանը համապատասխանում պարոն Աշոտյանի՝ «որպես պետության կողմից կրթության ոլորտի պատասխանատու նշանակված այր՝ ես պարտավոր եմ հետևել ՀՀ կրթական հաստատություններում օրինականության հաստատմանը» հայտարարությունը:
Եզրակացության մեջ, մասնավորապես, ասված է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012թ. ապրիլի 6-ի թիվ 160-Ա հրամանը հակասում է Սահմանադրությանն ու մի շարք օրենսդրական ակտերին` ինչպես վարչական ակտ ընդունելու իրավասության, այնպես էլ վարչական վարույթի չափանիշներով:
Պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) գործադիր տնօրենի նկատմամբ` ընդհանրապես, իսկ բուհ-ի կարգավիճակ ունեցող ՊՈԱԿ-ի ռեկտորի նկատմամբ` հատկապես, ոչ միայն որևէ նախարար, այլև հենց հիմնադիրը կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությամբ օժտված չէ:
Ընդ որում` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված այն դրույթը, համաձայն որի` «Պետական կազմակերպության հիմնադիրն ունի պետական կազմակերպության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի», ևս իրավական հիմք չէ հիմնադրի կողմից կարգապահական պատասխանատվություն կիրառելու լիազորության առկայության մասին, քանի որ Սահմանադրության 83.5 հոդվածի համաձայն՝ բացառապես ՀՀ օրենքներով են սահմանվում «ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաև պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը…»:
Ըստ Եզրակացության` եթե անգամ փորձել լայն մեկնաբանության արդյունքում «ցանկացած վերջնական հարց» արտահայտության տակ ներառել նաև կարգապահական պատասխանատվությունը, ապա այդ ինստիտուտը գործելու իրավական հիմքեր ձեռք կբերեր բացառապես այն դեպքում, երբ դրա կարգը սահմանվեր որևէ օրենքով, մինչդեռ այդպիսի կարգավորում գոյություն չունի:
Այսպիսով, որևէ օրենքով ՊՈԱԿ-ի հիմնադրին վերապահված չէ պետական կազմակերպության տնօրենին, տվյալ դեպքում` բուհ-ի ռեկտորին, կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորություն: Իսկ օրենքով չնախատեսված լիազորություն իրականացնելը Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված հիմնադրույթի խախտում է հանդիսանում: Մասնավորապես, այդ հոդվածի համաձայն, «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:
Հայտարարության մեջ նշված է, որ դեռևս ստուգման գործընթացի նախնական փուլում կատեգորիկ հայտարարություններ անելը ոչ միայն կարող է որակվել որպես հանրային ծառայողի վարքագծի կանոնների խախտում, այլև կարող է որակվել որպես քրեական հանցագործություն, քանի որ μավարար հիմքերի բացակայության դեպքում այն անխուսափելիորեն պետք է մեկնաբանվի որպես սուտ մատնություն:
Այսպիսով, ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012թ. ապրիլի 6-ի թիվ 160-Ա հրամանը` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն, առ ոչինչ է, քանզի այն ընդունել է ոչ իրավասու պաշտոնատար անձը, ասված է Եզրակացության մեջ:
Հիշեցնենք, որ Աշոտյանի հրամանով Զոլյանի նկատմամբ կիրառվել էր կարգապահական տույժ:
Տույժը տրվել է այն բանի համար, որ ռեկտորն առանց թույլտվության բացակայել է Հայաստանից մարտի 19-ից 23-ը։
«Առհասարակ, ես ղեկավարվում եմ մի սկզբունքով. նախարարի մասին կամ լավ, կամ ոչինչ՝ հատկապես այն դեպքում, երբ նախարարը ոչնչություն է: Իսկ ինչքանով է դա կարող վերաբերվել գործող նախարարին, այդ մասին թույլ տվեք չմանրամասնել», –մեկնաբանելով նախարարի որոշումը` հայտարարել էր Զոլյանը:
Վերջինիս խոսքով` Աշոտյանը գերազանցել է իր լիազորությունները, քանի որ ինքն այդ օրերին մասնակցել է Տարածաշրջանային լեզուների Եվրոպական խարտիայի փորձագետների նիստին, որի աշխատանքին կառավարոթյան անդամները չեն կարող միջամտել: Ռեկտորի խոսքով` նույն հաջողությամբ Աշոտյանն իրեն կարող էր «գլխատել կամ լուսին ուղարկել»: