Այսօր Աբովյան քաղաքում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ երկար չի խոսի ներկաներին չձանձրացնելու համար և ելույթի վերջում ներկայացրել է ընտրությունների ընթացքում ՀԱԿ-ի որդեգրած կանոնները:
Նա նշել է, որ հավաքվածները երկրի վիճակն իրենից լավ գիտեն, քանի որ նրանց գրպանում 1000-1500 դրամից ավել փող չկա:
«Էդ էլ չկա», – պատասխանել են մարդիկ:
«Եվ սա ամբողջ ազգի վիճակն է, իմացեք: Խոսվում է, որ իբրև թե մեր երկրում աղքատության աստիճանը 35 տոկոս է: Դա ինչ-որ միջազգային ստանդարտներով հաշվում է օրական երկու դոլար մարդագլուխ: Բայց դա սուտ է: Մեր երկրի բնակչության 90 տոկոսն է աղքատ: Էս երկրից օգտվում է կամ քիչ թե շատ բարեկեցիկ կյանքով ապրում է տասը տոկոսը: Իսկ երկու տոկոսը, ցոփության, ճոխության մեջ, մոնտե-կառլոներում, բադեն-բադեններում, կազինոներում ձեր գրպանի փողը մսխում են», – ասել է Տեր-Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ ընտրությունից ընտրություն բաժանում են 5000-ական, 10 000-ական դրամ, և դրա դիմաց հետագայում իրենց 4-5 տարվա իշխանության ընթացքում յուրաքանչյուրից կորզում են 10 000 դոլար:
«Բոլոր թվերը, որոնք պաշտոնական վիճակագրություն են, կամ մեր իշխանությունները հայտարարում են, բացարձակ սուտ են, հեքիաթ: Եվ դրանք բացահայտվելու են: Խրուշչովը բացահայտեց Ստալինի ամբողջ վիճակագրության արատավորությունը 53 թվականից հետո, Ստալինի մահից հետո: Էն ինչ թվեր էին կրակում, էն ինչպիսի բարեկեցություն էին ցուցադրում, Խրուշչովը ցույց տվեց, որ այդ ամբողջը եղել է հեքիաթ: Սրանց ժամանակն էլ է գալու, բայց մինչև դրան հասնենք, դուք եք տառապելու: Սուտ են արտագաղթի թվերը, սուտ են Հայաստանի բնակչության վիճակագրական թվերը, իբրև 3 միլիոն 300 հազար է Հայաստանի բնակչությունը: Իրականում 2 միլիոն 400 հազար է, մեկ մարդ ավել չկա: Սուտ են ընտրացուցակներում ընդգրկված մարդկանց թվերը, ցույց են տալիս 2 միլիոն 485 հազար մարդ, բայց իրականում ընտրողների իրական թիվը 1 միլիոն 700 հազար է», – ասել է ընդդիմության առաջնորդը:
Իր ելույթի վերջում նա հանդես եկել հայտարարությամբ.
«Հայ Ազգային Կոնգրեսը ներկա ընտրապայքարում միակողմանիորեն իր համար սահմանել է հետևյալ կանոնները.
1. Ակտիվորեն մասնակցել ընտրությունների վերահսկողությանն ու օրինականության ապահովմանն ուղղված բոլոր անկեղծ նախաձեռնություններին: Ասում եմ՝ անկեղծ նախաձեռնություններին, որովհետև կան նաև թատերական նախաձեռնություններ, որ արվել են Սամվել Նիկոյանի, Դավիթ Հարությունյանի, մյուսների կողմից: Սրանց հետ մենք գործ չունենք: Մասնավորապես, անկեղծ նախաձեռնություններ ասելով՝ ես նկատի ունեմ ՀՅԴ-ի, «Ժառանգության», «Բարգավաճ Հայաստանի» և Կոնգրեսի կողմից ձևավորած միասնական շտաբի գործունեությունը: Սա շատ կարևոր փաստ է:
2. Քննադատության հիմնական թիրախ դարձնել սարգսյանական վարչախմբի երկու գլխավոր հենասյուները՝ Հայաստանի հանրապետական կուսակցությանը և նրա կույր աղիքը հանդիսացող ՕԵԿ-ին:
3. Հակաքարոզչությամբ չզբաղվել, առվել ևս անձնական բնույթի որակումներով հանդես չգալ մյուս քաղաքական ուժերի՝ մասնավորապես, միասնական շտաբում մեր գործընկերներ հանդիսացող ՀՅԴ-ի, «Ժառանգության» և ԲՀԿ-ի ու նրանց թեկնածուների դեմ:
4. Միևնույն ընտրատարածքներում Կոնգրեսը և նշված կուսակցությունները ներկայացնող թեկնածուների առկայության պարագայում, առաջնորդվել բացառապես փոխադարձ հարգանքի, ազնիվ մրցակցության և արդար ընտրությունների անցկացման շուրջ համագործակցության սկզբունքներով
5. Անկախ այն բանից, թե մեր գործընկերները կհարգեն, թե կխախտեն այս կանոնները, Հայ Ազզային Կոնգրեսը հաստատակամ է որևէ պարագայում չշեղվել դրանցից»: