Նախընտրական զարգացումներին, համամասնական ընտրական համակարգով առաջադրված կուսակցություններին և մեծամանականով առաջադրված թեկնածուներին գնահատելով և իրավիճակը 2007 թվականի հետ համեմատելով` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, ՀՀ կրթության նախկին նախարար Աշոտ Բլեյանը գալիս է այն եզրակցաության, որ այսօր քաղաքական ուժերը ավելի կայացած են և քաղաքացին չի կարող չմասնակցել ընտրություններին` «մահանա» բերելով, թե ընտրության այլընտրանք չկա: Նման տեսակետ Աշոտ Բլեյանը հայտնել է Epress.am-ի հետ զրույցում:
«Այսօր մարդ ունի ընտրության հնարավորություն, այլընտրանքը ապահովված է: ՀԱԿ-ը` ընդդիմությունը, ավելի ուժեղ է, ավելի վճռական, համակարգված, քան 2007 թվականին էր: «Ժառանգությունը», ՀՅԴ-ն ավելի հստակ են հանդես գալիս որպես ընդդիմություն, ԲՀԿ-ն փորձում է ինքնուրույն որոշումներ կայացնել: Թող չասեն` «բոլորն էլ նույն բանն են»», – ասել է Բլեյանը:
Իրավիճակի վերլուծությունը, Բլեյանի կարծիքով, վկայում է, որ հնարավորություն կա մայիսի 6-ի ընտրություններից հետո ունենալ այլ խորհրդարան, լայն կոալիցիա, ընդդիմադիր հակակշիռություն խորհրդարանում, եթե քաղաքացին պատասխանատվությունը զգա և ընտրություն կատարի:
Բլեյանն անրդարադձել է նաև ընտրարշավի առաջին մեկ շաբաթում բացահայտված խախտումներին, կեղծ ընտրացուցակներին: Ըստ նրա` նման մեխանիզմների կիրառումը որևէ զարմանք չպետք է առաջացներ:
«Բնական է, ՀՀԿ-ն պետք է գործադրի իր լծակները: Խնդիրը դա չէ: Խնդիրը ընտրողն է: Անառողջ երկրում ենք ապրում, ո՞նց կարող է կատարյալ ընտրարշավ կլինել: Դրա դեմ պայքարելը սովորական ամենօրյա աշխատանք է: Եթե մեկը կա, որ հիասթափված է, թող անկողնուց դուրս չգա: Ընտրության չգնացողը փախնում է պատասխանատվությունից: Արժանապատիվ ապրելու իրավունքը թիվ մեկ իրավունքն Է: Պարզվում է` դրա համար պետք է ընտրության իրավունքը իրացնել: Դրանք առանձին բաներ չեն: Մի հասարակության մեջ չի կարող լինել արժանապատիվ և ոչ արժանապատիվ ապրողներ: Փոփոխությունը լիելու է կամ չի լինելու բոլորի համար»,- ասել է Բլեյանը: