Ռուսաստանյան շոու-բիզնեսը պատրաստվում է ապրիլի 15-ին մեծ շուքով նշել «Պրիմադոննա» Ալլա Պուգաչյովայի 63-ամյակը:
НТВ հեռուստաալիքը հատուկ ծրագիր է նախապատրաստում: Պարբերականները կենսագրական և գովաբանող հոդվածներ են գրում: Իսկ ՌԴ նախագահական ընտրությունների նախկին թեկնածու, միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը խոստացել է Պուգաչյովային միլիոն կարմիր վարդ նվիրել:
Ալլա Բորիսովնային նվիրված երեք ժամանոց ծրագրի ընթացքում Պրոխորովը խոստացել է երգչուհու ծննդյան օրը մեկ միլիոն կարմիր վարդեր ուղարկել նրան:
Ինչպես գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը, Պրոխորովը ծաղիկները Գրյազ բնակավայրում գտնվող Պուգաչյովայի և Գալկինի պալատ կուղարկի երկու «Կամազով»:
Այս առիթով երգչուհու ներկայիս ամուսինը` հումորիստ Մաքսիմ Գալկինը դիմել է Պուգաչյովայի նախկին ամուսնուն` Կիրկորովին. «Իսկ դու, Ֆիլիպ, նրան կարծես ընդամենը 3600 վարդ ես նվիրել, ձեր համատեղ կյանքի օրերի քանակով»:
Կիրկորովն անմիջապես հակադարձել է` հետաքրքվելով, թե որքան վարդ է իր սիրելիին նվիրել անձամբ Գալկինը: Այստեղ ստիպված է եղել պատասխանել հումորիստը. «Ինձ օտար է գիգանտիզմը»: