Թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Ռուբեն Հայրապետյանը որոշում է կայացրել մասնակցել ընտրություններին, քանի որ տեղեկություն է ստացել, որ նույն ընտրատարածքում պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս մասին Հայրապետյանը հայտնել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Հիշեցնենք, որ Հայրապետյանը մի քանի անգամ փոխել է առաջադրվել-չառաջադրվելու որոշումը, և միայն վերջին պահին հայտարարել է պատգամավորի մանդատի մասին պայքարելու իր ցանկության մասին:
Այսօր նա նշել է, որ իր քայլով ցանկացել է ցույց տալ, «թե ով է իրականում Լևոն Տեր-Պետրոսյանը»: Ըստ Հայրապետյանի` Լևոն Տեր-Պետրոսյանը տարիներ շարունակ խնդրել է իրեն աջակցել ՀԱԿ-ին, տարբեր տրամաչափի պատվիրակներ է ուղարկել իր մոտ:
Հայրապետյանի խոսքով` 2008 թվականի նախագահական ընտրություններին ինքն անգամ Լևոն Տեր-Պետրոսյանին շտաբի համար տարածք է տրամադրել, որովհետև «օգնում է ՀՀ բոլոր խեղճ քաղաքացիներին, քաղաքականապես տհաս մարդկանց»: Հայրապետյանի խոսքով` ինքն այժմ պատրաստ է նաև շտաբ տրամադրել իր ներկայիս մրցակիցներից մեկին` ՀԱԿ անդամ Գայանե Առուստամյանին:
Ինչ վերաբերում է Առուստամյանի` իր հետ բանավիճելու առաջարկին, ապա Հայրապետյանը հայտարարել է, որ ինքը կնոջ հետ չի ցանկանում բանավիճել:
ՀՀԿ-ականը կոչ է արել ՀԱԿ-ի առաջին տասնյակում ընդգրկված տղամարդկանց, բացի երրորդ համարից, ով իր ընկերն է («Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը-խմբ.), գալ և բանավիճել իր հետ:
«Չեն գալիս, որովհետև բանավեճը մականուններ և հերյուրանքներ շռայլել չէ, այսօր լեզվի մրցույթ չի, թող իրենց ծրագիրը ներկայացնեն», – ասել է Ռուբեն Հայրապետյանը:
Նա հայտարարել է, որ Գայանե Առուստամյանը, առաջարկելով իրեն բանավիճել, հետևում է Նիկոլ Փաշինյանի օրինակին, ով բանավեճի էր հրավիրել 7-րդ ընտրատարածքում առաջադրված Սամվել Ալեքսանյանին:
Հայրապետյանի կարծիքով` Ալեքսանյանը չպետք է «հավասարվի Նիկոլ Փաշինյանի մակարդակին» և բանավեճի գնա նրա հետ:
Հայրապետյանը նաև նշել է, որ արձագանքել է Սամվել Ալեքսանյանի` իր հաշվեհամարին գումար փոխանցելու կոչին, և 50,000 դրամ է ուղարկել նրան, քանի որ վերջինս բազմազավակ հայր է: