Մերձկասպյան պետությունները շարունակում են արագ տեմպերով կատարելագործել և զինել իրենց ռազմածովային ուժերը: Այս գործընթացում մի շարք ուղղություններով առաջատար դերը Ռուսաստանից կարծես թե Ադրբեջանի կողմն է անցնում:
Վաշինգտոնի և Թել-Ավիվի ակտիվ աջակցությամբ Բաքուն սկսել է ծովային պայքարի ամենաժամանակակից կառույցների ստեղծումը (ծովային կայանների հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր, ռազմական լողորդների ստորաբաժանումներ): Պայքարի այս միջոցներ Ռուսաստանի զինված ուժերում չկան կամ էլ նոր են ստեղծվում, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Ադրբեջանի զինված ուժերի ակտիվ մոդեռնիզացումը դիտորդները կապում են Իրանի դեմ նախապատրաստվող ռազմական գործողությունների հետ, որի ընթացքում հնարավոր է` օգտագործվի նաև Ադրբեջանի հենակետը:
Պաշտոնական Բաքուն մշտապես հերքում է այս տեղեկությունները: Թեև Ադրբեջանի ակտիվ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը ԱՄՆ-ի, Իսրայելի և այլ երկրների հետ հնարավոր չէ հերքել:
«Heron-ը, օրինակ, տեսականորեն կարող է 14,8 հազար կմ թռչել: Եթե Բաքուն ասում է, որ այս զենքն ուղղված չէ Իրանի դեմ, և պատրաստվում է բացառապես Ղարաբաղի համար պատերազմին, այդ դեպքում հարց է առաջանում` ի՞նչ իմաստ ունի գնել անօդաչու սարք, որը թռչում է 5-6 անգամ ավելի մեծ տարածություն, քան Ադրբեջանի ամենահեռավոր հատվածից մինչև Հայաստանի սահմանն է: Այս համատեքստում հասկանալի է դառնում ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունն այն մասին, որ 2009-ին Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի` Բաքու կատարած այցի ժամանակ Ադրբեջանի տարածքում հետախուզական էլեկտրոնային ցանցի ստեղծման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Նաև ահղորդվում էր, որ Ադրբեջանն ու Իսրայելը համագործակցելու են արբանյակների ստեղծման համակարգի ոլորտում»,-գրում է թերթը:
Ռուսաստանյան փորձագետ Ալեքսանդր Կնյազևի խոսքով` «Կասպից ծովում Ադրբեջանին զինվելու են դրդում ԱՄՆ-ն և Արևմուտքը»:
Կնյազևը կարծում է, որ Կասպից ծովում ռազմական կոնֆլիկտների առաջացումը կնշանակի «առանց որևէ չափազանցության կամ պաթոսի, հերթական համաշխարհային պատերազմի սկիզբը` ողջ Կենտրոնական Եվրասիայի տարածքի ներգրավմամբ»: